Համաշխարհային շուկայում նորից գնաճ է նկատվում. Հայաստանն անմասն մնալ չի կարող. ԿԲ նախագահ

Մարտին Գալստյանը վստահեցնում է, որ կարճաժամկետ հատվածում կարող է որոշակի գների աճ լինել, սակայն միտված են բալանսավորել իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի- Sputnik. Համաշխարհային շուկայում այժմ 80 տոկոս գնաճ կա ձեթի և յուղերի ոլորտում, 40 տոկոս շաքարավազի գների աճ է նկատվում, ինչպես նաև գնաճ կա կաթնամթերքի, հացահատիկի ոլորտում։ Տեղեկությունը հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ` անդրադառնալով Հայաստանում գրանցված գնաճին։

ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

«Այդ գները մենք` որպես փոքր ներմուծող երկիր, չենք կարող անտեսել։ Մենք չունենք ներքին արտադրությունը, որն ուղղված է բացառապես ներքին սպառողին, հետևաբար ապրանքները ներմուծում ենք գնաճով։ Սրան գումարած` փոխարժեքի որոշակի տատանողականությունը։ Այստեղ, սակայն, հետաքրքիր ֆենոմեն կա` գները բարձրանում են փոխարժեքին զուգընթաց, բայց երբ փոխարժեքը որոշակիորեն նահանջում է նախկին մակարդակին, գներն ավելի դանդաղ են իջնում»,–ասաց Գալստյանը` հավելելով, որ այստեղ որոշակի անելիք կա, սակայն սա միջազգային ֆենոմեն է։

Նրա խոսքով` հիմա համաշխարհային շուկայում նորից նկատվում է գների աճ` նախ եվրոպական երկրներում և ԱՄՆ–ում պայմանավորված լավատեսական տնտեսական աճի սպասումներով։ Այսինքն` կորոնավիրուսի հաղթահարումից հետո ակնկալում կա, որ տնտեսությունն ավելի լավ է զարգանալու։

Գնաճի ֆոնին աշխատավարձերը նվազում են, տնտեսությունը` աճում. ի՞նչ է կատարվում Հայաստանում

«Մեր խնդիրը ոչ թե յուղերի գների սահմանափակումն է կամ ազդեցությունը դրանց վրա, այլ այս գների բարձրացման արդյունքում խելամիտ քաղաքականություն վարելը։ Այսինքն` տոկոսադրույքները չբարձրացնենք այնքան, որ սպառումն ընդհանրապես վերանա, սակայն, մյուս կողմից, չենք էլ կարող դա անտեսել։ Ուստի, փորձում ենք մարդկանց հասցնել այն հիմնական ուղերձները, որ կարճաժամկետ հատվածում կարող է որոշակի գների աճ լինել, սակայն մենք միտված ենք բալանսավորել իրավիճակը»,–ասաց Գալստյանը։

Գնաճն է պատճառը. տնտեսագետը բացատրել է, թե ինչի հաշվին են աճել հարկային մուտքերը

Նա հավելեց նաև, որ պետք է այնպես անեն, որ զսպելով գնաճը, տնտեսական անկում չունենանք։