ԵԽ պատգամավորները դիմել են ԵԽ նախագահին՝ հարկադրելու Ադրբեջանին ազատել հայ գերիներին

ԵԽ պատգամավորները ավելի քան 200 հայ գերիներին ազատ արձակելու համար հայտարարություն են տարածել` դիմելով ԵԽ և Եվրոպական հանձնաժողովի նախագահներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի- Sputnik. Եվրոպական խորհրդարանի պատգամավորները դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահին ու Եվրոպական խորհրդի նախագահին՝ հարկադրելու Ադրբեջանին հայ ռազմագերիներին ազատ արձակել: Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Մասնավորապես, ԵԽ պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը, ԵԽ պատգամավորներ Ֆրանսուա-Քսավիե Բելամինի և Լուկաս Ֆարլասի հետ նախաձեռնել ու 119 այլ պատգամավորների հետ դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ԵԽ նախագահ Շառլ Միշելին։

«Պատգամավորները նշել են՝ խոսքն այն 72 անձանց մասին է, որոնց գերեվարման փաստն Ադրբեջանն ընդունում է։ Բացի այդ, սա նաև այն 112 անձանց է վերաբերում, որոնց մասին որևէ տեղեկություն Ադրբեջանը չի տրամադրում, և վերջապես խոսքն այն 61 անձանց մասին է, որոնց գերեվարման փաստը, թեև Ադրբեջանը հերքում է, սակայն առկա են հակառակն ապացուցող փաստեր»,–ասաց Եղոյանը։

Նրա խոսքով` պատգամավորները նաև ընդգծել են, որ թեև Ադրբեջանը ռազմագերների մի մասին փորձում է ներկայացնել որպես ահաբեկիչներ, որոնք իբր խախտել են հրադադարի ռեժիմն այն ավարտելուց որոշ ժամանակ անց, այդուհանդերձ ապացուցող որևէ փաստ չի ներկայացվել:

Ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել ու սպանել են 19 հայ գերիների․ հայտնի են անունները

Պետք է լինել համբերատար. Փաշինյանը հուսով է, որ Ադրբեջանը շուտով կվերադարձնի գերիներին

Ըստ պատգամավորների` Ադրբեջանի պահվածքը միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված ռազմագերների կարգավիճակի խախտում է։

Եղոյանը նշեց` սա եվրոպական ինստիտուտների առաջին արձագանքը չէ, սակայն հույս ունի, որ վերջինը կլինի։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները գերիների հարցով կապի մեջ են