Հայկական ինքնության ջնջում. ԱԳՆ–ն դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Ղազանչեցոցում

Ադրբեջանը Շուշիի Մայր տաճարում գործողություններ է իրականացնում առանց Հայ առաքելական եկեղեցու և ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների գնահատման առաքելության հետ խորհրդակցելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները դատապարտելի են։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` հիշեցնելով, որ արդեն իսկ բազմաթիվ են հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման և այդ գործողություններն արդարացնելու նախադեպերը:  

Նույն ձեռագիրն է, որով Սուրբ Սոֆիան վերածվեց մզկիթի. ԱԺ–ն արձագանքեց Շուշիում կատարվածին

Գերատասչությունից հիշեցնում են, որ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գործած բազմաթիվ պատերազմական հանցագործությունների շարքում առանձնակի աչքի է ընկնում բարձր ճշգրտությամբ զինատեսակներով մեկ օրում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի դիտավորյալ կրկնակի հրթիռակոծումը, որին հրադադարի հաստատումից հետո հաջորդեցին նաև վանդալիզմի դեպքեր: 

Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9–ին ընդունված եռակողմ հայտարարությամբ Շուշի բերդաքաղաքն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մինչ այդ` հոկտեմբերի 8-ին, ադրբեջանական զինուժի կողմից 2 ժամվա տարբերությամբ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին կրկնակի հրետակոծություն ենթարկվեց։

«Հատկանշական է, որ Ադրբեջանը  Շուշիի Մայր տաճարի հետ կապված գործողություններ է իրականացնում առանց Հայ առաքելական եկեղեցու հետ խորհրդակցելու, ինչն ակհայտորեն խախտում է հայ հավատացյալների կրոնի ազատության իրավունքը։ Նույնքան մտահոգիչ է, որ Ադրբեջանը սկսել է եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխման աշխատանքներ կատարել մինչև ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների գնահատման առաքելության կողմից աշխատանքների սկսումը»,–գրված է ԱԳՆ հայտարարության մեջ։

«Նորոգման աշխատանքների» քողի տակ Ադրբեջանն աղավաղում է Շուշիի Ղազանչեցոցը. Արցախի ՄԻՊ

Նշվում է, որ ակնհայտ է, որ Ադրբեջանը դիտավորյալ  արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր՝ մի կողմից քողարկելու իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, իսկ մյուս կողմից՝ փոխելու հուշարձանի պատմաճարտարապետական ամբողջականությունը։

«Այս իրավիճակում հայկական կողմի բոլոր այն մտահոգությունները, որ Ադրբեջանի այս գործողությունները վանդալիզմի դրսևորում են և նպատակ ունեն հայկական ինքնությունից զրկել Շուշիի Մայր տաճարը, առավել քան հիմնավոր են»,–ասված է հայտարարության մեջ։

ԱԳՆ–ից հիշեցնում են, որ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում առկա բազմաթիվ հայկական պատմամշակութային հուշակոթողների և պաշտամունքի վայրերի հետ կապված որևէ գործողություն  չի կարող իրականացվել առանց միջազգային, առաջին հերթին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների կողմից առկա վիճակի փաստագրման և վերականգնման աշխատանքներում գործուն ներգրավվածության: Շուշիի Մայր տաճարը Արցախում Հայ Առաքելական եկեղեցու կարևոր կենտրոններից է և այն որպես սրբատեղի պետք է ծառայի հավատացյալներին։

 Չի բացառվում, որ ադրբեջանցիները Շուշիի եկեղեցին հետագայում մզկիթ դարձնեն. Բաբայան

Հիշեցնենք՝ այսօր Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Facebook-ի իր էջում տեղադրել էր Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու՝ անգմբեթ լուսանկարները։ Նա գրել էր, որ մայիսի 9 -ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են եկեղեցու գմբեթները։