Made in Armenia QR կոդով հողաթափեր` Ռուսաստանի համար. հայ գործարարների կյանքը հեշտացել է

Հայաստանում Ռուսաստան արտահանման համար նախատեսված ապրանքները սկսել են մակնշել QR կոդերով։ Մի քանի ամիս առաջ կոդերը ռուսական ընկերություններն էին տալիս, բայց ապրիլից`ազգային օպերատորը։ Այս քայլը ոչ միայն պարզեցնում է գործընթացը, այլև նվազեցնում է դրա արժեքը։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հաստոցների և ավտոմատացված տեխնիկայի դխկդխկոց, արտադրամասի ձախ անկյունում մեքենան լցնում է կաղապարները, աջ անկյունում վարպետ կանայք ստուգում են պատրաստի արտադրանքը։ Եվ միայն դրանից հետո տուփի վրա պիտակ են կպցնում՝ Made in Armenia QR կոդով։

Այսպիսին է հողաթափեր արտադրող ձեռնարկության աշխատանքային առօրյան, իսկ արտադրանքն այնուհետև արտահանվում է Ռուսաստան։

Made in Armenia QR կոդով հողաթափեր` Ռուսաստանի համար. հայ գործարարների կյանքը հեշտացել է

2020թ․-ին կոշիկը ներառվել է այն ապրանքների ցանկում, որոնք կարելի է Ռուսաստան արտահանել միայն ԵԱՏՄ ստանդարտի մակնշման դեպքում։ Սկզբում ընկերությունները ստիպված էին լինում մակնշման կոդը խնդրել ռուսաստանցի գործընկերներից։ Հիմա` արդեն ապրիլից, հատուկ կոդերը տալիս է ազգային օպերատորը։

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ձեռնարկության տնօրեն Արտակ Հակոբյանը, ազգային օպերատորի հետ աշխատելը ոչ միայն ավելի արագ է ստացվում, այլև ավելի էժան։

Հողաթափեր` Մոսկվայի համար

Հողաթափերի առաջին խմբաքանակը Ռուսաստան արտահանվել է 2019 թ.-ին, երբ մակնշման պահանջները կոշիկների վրա դեռ չէին տարածվում։

«Ձեր աչքի առաջ ընթանում է 60 հազար զույգ տարբեր կատեգորիաների հողաթափերի արտադրություն` կանանց, տղամարդկանց, երեխաների համար, ամառային և ձմեռային. ամբողջը պետք է Ռուսաստան արտահանվի։ Հումքը Իրանից ենք բերել, պատվիրատուն ապրանքին սպասում է արդեն մայիսի սկզբին»,-ասում է Հակոբյանը։

Made in Armenia QR կոդով հողաթափեր` Ռուսաստանի համար. հայ գործարարների կյանքը հեշտացել է

Ձեռնարկության տնօրենը նշեց, որ օպերատորին 60 հազար QR կոդի հայտ է ներկայացրել, որոնցից յուրաքանչյուրը 6,5 դրամ արժե։ Նախկինում ստիպված էին լինում դիմել ռուսաստանյան օպերատորներին, արդյունքում ավելի թանկ էր նստում, ինչն էլ անդրադառնում էր վերջնական գնի վրա։

Տատ ու թոռան դոնդողային բիզնեսը. նրանք քաղցրավենիք են պատրաստում անգամ դիաբետիկների համար

«Այստեղ լցնում ենք ձուլվածքը, հաշված րոպեներ անց դրա վրա դրվում է ձևվածքը, այստեղ արդեն մասնագետները մշակում են գրեթե պատրաստի հողաթափը, իսկ այս կողմում արդեն ստուգում են որակը։ Այս հատվածում ապրանքը հավաքվում է և տուփի վրա դրվում է մակնշումը։ Յուրաքանչյուր տուփում վեց զույգ է` ըստ չափսերի»,-արտադրության բոլոր փուլերն է ներկայացնում Հակոբյանը։

Made in Armenia QR կոդով հողաթափեր` Ռուսաստանի համար. հայ գործարարների կյանքը հեշտացել է

Գործընթացը զգալիորեն պարզեցված է ավտոմատացման շնորհիվ, մարդկային գործոնն այստեղ փաստացի նվազագույնի է հասցված։

Ինչի՞ համար է մակնշումը

Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Աննա Մուրադյանը պարզաբանեց, որ QR կոդը թույլ է տալիս կարդալ ապրանքի մասին ամբողջ տեղեկատվությունը․ որտեղ է արտադրված, ինչ նյութից է պատրաստված, չափանիշները և այլն։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Մուրադյանը նշեց, որ ազգային մակնշումը Հայաստանում գործել է 2014թ․-ից։ 2018թ․-ին ԵԱՏՄ անդամ երկրները (Ղրղզստան, Ղազախստան, Բելառուս, Ռուսաստան, Հայաստան) համաձայնագիր են ստորագրել միության ստանդարտի մակնշման ներդրման մասին:

«ԵԱՏՄ մակնշումն ազգայինից տարբերվում է առավել բարձր որակով, տեղեկատվությամբ, դյուրաշարժությամբ»,-ասաց Մուրադյանը։

Made in Armenia QR կոդով հողաթափեր` Ռուսաստանի համար. հայ գործարարների կյանքը հեշտացել է

Ընդհանուր առմամբ առանց կոդի շուկա դուրս գալու արգելքը տարածվել է վեց տեսակի ապրանքների վրա․կաթնամթերք, կոշիկներ, թեթև արդյունաբերության ապրանքներ, օծանելիք, ֆոտոլուսարձակներ և տեսախցիկներ։ Մոտ ժամանակներս համապատասխան արգելք կսահմանվի Ռուսաստան չմակնշված ջուր մատակարարելու համար։

Մուրադյանը նշեց, որ մակնշումը պետական մարմնին թույլ է տալիս ապրանքի ամբողջական վերահսկողություն սահմանել՝ թողարկման պահից մինչև վերջնական սպառողին հասնելը։ «Յուրաքանչյուր ապրանք, եթե նույնիսկ Ռուսաստանում է վաճառվում, գրանցվում է ՀՀ ՊԵԿ-ի բազայում»,-ասաց Մուրադյանը։

Made in Armenia QR կոդով հողաթափեր` Ռուսաստանի համար. հայ գործարարների կյանքը հեշտացել է

Նրա խոսքով` այդ համակարգը բացառում է անորակ արտադրանքի, անբարեխիղճ մրցակցության առաջացումը և թույլ է տալիս բացառել կեղծ ու ստվերային բիզնեսը:

Նոր ստանդարտից կշահեն սպառողները, տնտեսվարող սուբյեկտներն ու պետությունը։ Արտադրող ընկերությունն արդեն արտադրության պահին որոշում է, թե որ շուկայի համար է նախատեսված ապրանքը։ Եթե իրացումը նախատեսվում է տեղական շուկայում, ապա ապրանքը մակնշվում է համապատասխան կերպով, իսկ ԵԱՏՄ-ի համար՝  անհրաժեշտ QR-կոդով։

Ֆրանսիացին ամուսնացել է հայուհու հետ և Գուգարքում խաղ–գրքեր է ստեղծում երեխաների համար

Այն ստանալու համար ընկերությունը, որին թույլատրված է սերիական արտադրություն ունենալ, դիմում է ազգային օպերատորին, նրանից ստանում է գեներացիայի կոդերը և փակցնում իր ապրանքին: Քննարկվում է մոտ ժամանակներս մակնիշների միավորման հնարավորությունը։

Իսկ օպերատո՞րը

Հայաստանի հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի փոխտնօրեն Լևոն Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ 2020 թ․-ի դեկտեմբերին իրենք շահել են մրցույթը, իսկ արդեն մարտի 15-ին փորձնական նախագիծ են գործարկել: Ապրիլի 15-ին կենտրոնը կոդեր է տրամադրել առաջին ապրանքային խմբի՝ Ռուսաստան 160 հազար զույգ կոշիկ արտահանելու համար։

Made in Armenia QR կոդով հողաթափեր` Ռուսաստանի համար. հայ գործարարների կյանքը հեշտացել է

Մակնշում ստանալու համար արտադրողը պայմանագիր է կնքում ազգային օպերատորի հետ։ Դրանից հետո ազգային օպերատորն այն գրանցում է մակնշման համակարգում և տնտեսվարող սուբյեկտին գաղտնաբառ է տալիս:

«Արտադրողը կարող է իր ինտերֆեյսով մուտք գործել համակարգ և գրանցել այն ապրանքային խումբը, որը պատրաստվում է արտադրել և համապատասխանաբար իրացնել ԵԱՏՄ տարածքում։ Եթե, օրինակ, ընկերությունը պատրաստվում է 50 հազար զույգ կոշիկ արտահանել, ապա նույն քանակով մակնշման կոդ է պատվիրում»,-ասաց Բաբայանը։

Նա պարզաբանեց, որ մակնշումը QR կոդ է, որը պարունակում է ապրանքի մասին բոլոր տեղեկությունները: Հատուկ հավելվածի միջոցով այն սկանավորելու դեպքում կարելի է իմանալ, որ ապրանքն արտադրվել է Հայաստանում, այսինչ արտադրողի կողմից, այսինչ գույնի, կնոջ կամ տղամարդու կոշիկ է, ինչ չափի և մի շարք այլ ցուցանիշներ։ Յուրաքանչյուր QR կոդը եզակի է: