ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Ընտրական ելույթի փոխարեն Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից խորհրդարանի պատգամավորներին կոչ արեց պատվաստվել կորոնավիրուսի դեմ։
Նա նշեց, որ քանի որ իր թեկնածությունն առաջադրվել է զուտ պայմանավորվածությունների արդյունքում, ապա ինքը հանդես չի գա վարչապետի թեկնածուի ելույթով։ Փոխարենը ԱԺ պատգամավորներին հայտնեց, որ այսօր առավոտյան է պատվաստվել կնոջ հետ` կորոնավիրուսի դեմ ու նույնը կոչ արեց անել պատգամավորներին։
«Կա մեծ հավանականություն, որ 2021թթ–ի երկրորդ կեսից կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների ճամփորդելու սահմանափակումներ կարող են մտցվել։ Հիմա քննարկվում է այդ հարցը։ Այս պահին դժվար է ասել` որոշում կկայացվի, թե ոչ, բայց մենք պետք է տեղյակ լինենք սրանից»,– ասաց նա։
Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանն ունի պատվաստանյութերի բավական ծավալ ու կարող է սկսել համատարած պատվաստումներ։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։
Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։
Մնալ վարչապետի պաշտոնակատար, թե չմնալ՝ որոշում է հրաժարական ներկայացրած վարչապետը