ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
Հարցի քվեարկությանը մասնակցած պատգամավորներից Փաշինյանի թեկնածությանը դեմ քվեարկեց 3–ը, ձեռնպահ` 75–ը, կողմ`1–ը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի թեկնածու էր առաջադրել Նիկոլ Փաշինյանին։
ԱԺ ամբիոնից իր ելույթում նա հիշեցրել էր, որ գործընթացը տեղի է ունենում ՀՀ նախագահի ու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ ձեռք բերված` արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածության շրջանակում։
Փաշինյանը նաև նշեց, որ քաղաքական դաշտում քննարկումներ ու շահարկումներ կան այն մասին, որ ինչ-որ ուժեր փորձելու են երկրորդ փուլում խախտել պայմանավորվածությունն ու այլ սցենար զարգացնել։ «Եթե այդպիսի փորձեր լինեն` պայմանավորվածությունները խախտելու, մենք ունենք պատրաստի լուծում` այդ դեպքում «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ»,– ասաց Փաշինյանը` հույս հայտնելով, որ պայմանավորվածությունները խախտելու փորձեր, այնուամենայնիվ, չեն արվի։
Ս.թ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։
Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։
Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու. Ռոբերտ Քոչարյանը` փողոցային պայքարի մասին
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, արտահերթ ընտրություններ ՀՀ–ում հնարավոր է անցկացնել միայն այդ դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը 2 անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրում։
ՀՀ Սահմանադրության 149 հոդվածի համաձայն` «վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն», իսկ երկրորդ անգամ չընտրվելու դեպքում, «Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով» ու նշանակվում են ԱԺ արտահերթ ընտրություններ։