Ուժի կիրառմամբ խնդիրները «լուծելու» փորձը պետք է ահազանգ լինի տարածաշրջանի երկրների համար

Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել ISNA գործակալությանը և խոսել Արցախյան վերջին պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Թուրքիայի անմիջական և լայնածավալ ներգրավումը Արցախյան պատերազմական գործողություններին նպատակաուղղված էր տարածաշրջանում նրա ծավալապաշտական քաղաքականության իրականացմանը: ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը։

Սերժ Սարգսյանը ժամանակին միջնորդներին նամակ է գրել. Փաշինյանը` ԼՂ բանակցությունների մասին

«Այս ամենից հետո մի բան միանշանակ է՝ ուժի կիրառմամբ հակամարտությունները «լուծելու» փորձը պետք է լուրջ ահազանգ լինի միջազգային հանրության և նախևառաջ տարածաշրջանի երկրների համար»,–ասել է դեսպանը։:

Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարությանը, թե համաձայնության դեպքում պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ` Արտաշես  Թումանյանը նշել է, որ ադրբեջանական կողմը հանդես է գալիս իրարամերժ հայտարարություններով:

«Մի կողմից նշվում է, որ Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, մյուս կողմից մերժվում է խաղաղ գործընթացի վերսկսումը: Խաղաղության պայմանագիրը նպատակ է, որին կարելի է հասնել միմիայն խաղաղ գործընթացի շնորհիվ: Ուստի ներկայումս անհրաժեշտ է խոսել ոչ թե խաղաղության պայմանագրի, այլ խաղաղ գործընթացի վերսկսման մասին»,–ասել է նա:

Արցախի ԱԺ նախագահը պատասխանել է Սահիդովի` «Ստեփանակերտն անցնելու Ադրբեջանին» գրառմանը

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։