«Տղերք, վազեք». ընկերոջ համար զոհված Շահենը կշարունակի ապրել իր պարի դահլիճում

Շահեն Գալստյանը արցախյան վերջին պատերազմի մասնակիցներից էր։ Ընկերները նրան «պարի արքա» էին ասում։ Չգիտեր` անժպիտ ապրելն ինչ է։ Նրա ժպիտը մշտապես հիշելու են հարազատներն ու պարընկերները։
Sputnik

«Տղերք, վազեք, հետ մի նայեք, վազեք։ Արան, ո՞ւր ա Արան»... Արցախյան վերջին պատերազմում հերոսաբար զոհված Շահեն Գալստյանի վերջին խոսքերն են։

«Դե հիմա ինձ ասեք՝ ինչպես ապրեմ․․․». Գոռից ճառագող լույսով տունը լիքն է անգամ նրանից հետո 

Հոկտեմբերի 10–ին` առաջին հրադադարի օրը, թշնամու ԱԹՍ–ն հարվածներ է հասցնում Ջրականի ուղղությամբ։ Շահենը, լինելով հրետանավոր, դասակի հրամանատարի տեղակալ, իր ենթակայության տակ գտնվող 20 զինվորներին հրաման է տալիս` վազել ու թաքնվել թշնամու ԱԹՍ–ի հարվածներից, իսկ ինքը, տղերքից մեկին չգտնելով, հետ է գնում, տեսնում է` վիրավոր է, բայց տեղափոխել չի կարող։ Այդ պահին որոշում է ամեն գնով փրկել ընկերոջ կյանքն ու իր մարմնով վահան է դառնում նրա համար։

Շահենը գլխից մահացու վիրավորում է ստանում, բայց փրկում է իր զինվորի` Աղաբաբյան Արայի կյանքը, որն այսօր գրեթե ապաքինվել է ու ինքնուրույն քայլում է։

Որպես զինվոր ու հրաշալի հրամանատար` Շահենի մասին տղերքը դեռ շատ բաներ են պատմելու, բայց այսօր նրա հարազատ`«Դիսնեյ» արվեստի դպրոցում տասնյակ մարդիկ են հավաքվել, որտեղ դահլիճներից մեկն անվանակոչվեց Շահենի անունով։

«Տղերք, վազեք». ընկերոջ համար զոհված Շահենը կշարունակի ապրել իր պարի դահլիճում

Տղայի տարերքը պարն էր։ Շահենը 5 տարեկանից գնացել է պարի, իսկ արդեն 13 տարեկանում Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Եվրոպական երկրներում ներկայացրել Հայաստանը՝ միշտ գրավելով առաջին կամ երկրորդ պատվավոր հորիզոնականները։ Դպրոցն ավարտելուն պես Շահենը ընդունվում է ՀՊՄՀ պարարվեստի բաժին: Նա «Բերդ» պարային անսամբլի մենակատար էր, ընկերները նրան «պարի արքա» էին ասում։ Կարդում էր ռուս և հայերեն գրականություն, գերազանց գիտեր հայոց պատմությունը և աշխարհագրությունը։ Շահենի ամենամեծ երազանքն էր, որ իր սեփական պարի դպրոցը հիմնի ու ցույց տա աշխարհին հայկական պարի ողջ պատմությունը։

Դպրոցի դահլիճի առջև հավաքվել են Շահենի ամենամոտ ընկերները, որոնք, մի ընտանիք դարձած, միասին բազմաթիվ բեմերում են պարել։

Տղերքը լուռ են, մտախոհ, իսկ աղջիկներն անսահման հուզված, նրանց հեկեկոցը երբեմն խախտում է միջանցքի լռությունը, որտեղ քիչ–քիչ հավաքվում են միջոցառման մասնակիցները։

Հավաքվածների մեջ են նաև Շահենի ծնողները` Հարությունն ու Արփին, որոնք թաքցնելով սեփական հուզմունքը` մոտենում են երեխաներին ու հանգստացնում, հորդորում չարտասվել։

«Շատերիդ աչքերից հիմա արցունք է գնում, ես` որպես Շահենի ծնող, մի տղայի, որ չգիտեր անժպիտ ապրելն ինչ է, խնդրում եմ, լաց մի եղեք, ուղղակի ուրախացեք, որ ճանաչել եք նրան, ու ժպիտով էլ հիշեք։ Դուք բոլորդ պարող եք, օրեր առաջ ձեր տոնն էր` պարի միջազգային օրը, ես էլ եմ նշել ու երբեք չեմ դադարելու դա անել, որովհետև դա իմ տղայի տոնն է»,– խոսափողին մոտենալով` ասում է Շահենի հայրը։

Հետո նայում է անկյունում վշտից կուչ եկած կնոջն ու նրան էլ հորդորում լաց չլինել։

«Տղերք, վազեք». ընկերոջ համար զոհված Շահենը կշարունակի ապրել իր պարի դահլիճում

«Ինքն իր ընկերոջ համար կյանքը չի խնայել , ես հերոսի հայր եմ, Արփի, դու հերոսի մայր ես»,– ասում է Հարությունն ու բացատրում, որ ինքն իրեն մի կերպ կարողանում է զսպել, ցրել, բայց մոր համար դա ուրիշ ցավ է։

«Տղերք, վազեք». ընկերոջ համար զոհված Շահենը կշարունակի ապրել իր պարի դահլիճում

Խոսափողին մոտենում է «Բերդ» պարային անսամբլի ղեկավար, Հայաստանի պարարվեստի միության ղեկավար Կարեն Գևորգյանը։

«Տղերք, վազեք». ընկերոջ համար զոհված Շահենը կշարունակի ապրել իր պարի դահլիճում

Նրա խոսքով` Շահենին մոռանալն անհնար է, որովհետև նրա նպատակասլացությունը , լրջությունը, արվեստի հանդեպ բծախնդրությունը հասուն արվեստագետին էր բնորոշ։

«Շահենը մտքիցս դուրս չի գալիս, երբ մտնում եմ պարային դահլիճ, աչքերով փնտրում եմ էն պայծառ տղային, որը կարճ ժամանակահատվածում իր բացառիկությամբ օրինակ դարձավ բոլորի համար»,– ասում է Գևորգյանն ու մեկ րոպե լռությունից հետո հայտնում, որ իր աշակերտներից ևս երկուսն անհետ կորած են համարվում։ Նա ծոցագրպանից հանում է տղաների լուսանկարն ու հուզվում։

Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած

Շահենի ամենամոտ պարընկերներից մեկն էլ` Սվետան, չի ուզում Շահենի մասին անցյալով խոսել։

«Ինքը մեր ներկան է ու ապագան, քանի դեռ կանք, հիշելու ենք ու շարունակենք նրա գործը։ Ամիսներ են անցել, բայց փորձերի ժամանակ Շահենը մեզ հետ է, մենք ամեն անգամ այս դահլիճ մտնելուց զգում ենք նրա ներկայությունը, ամեն անկյունում ինքը կա։ Ես մեր բոլոր ընկերների անունից խոստանում եմ` Շահենը լինելու է մեր սրտում, ու մենք հիշելու ենք իրեն էն բարի ժպիտով, որ բոլորիս հիշողությունում կա»,–ասում է նա։

Նշենք, որ Շահենի ծնողները հոկտեմբերի 12–ին են իմացել իրենց որդու մահվան մասին։

Տիկին Արփին մինչև հիմա չի հավատում, որ որդին այլևս չկա։

«Ես ամեն վայրկյան զգում եմ տղայիս ներկայությունը, զգում եմ, որ ինձ հետ է, խոսում եմ հետը, չեմ հանգստանում։ Անգամ երկու երեխաներիս երբ կանչում եմ, երբեմն Շահենի անունն եմ տալիս»,–ասում է մայրը։

«Տղաս ո՜նց կցնծար հիմա». հերոսաբար զոհված Հրայրի մահից 6 ամիս անց ծնվել է նրա առաջնեկը

Շահենի քույրը`10–ամյա Մարին, արդեն 4 տարի է` պարում է։ Նա հիմա հաճախ է կրկնում, որ շարունակելու է եղբոր գործն ու իրականություն է դարձնելու նրա երազանքները։ Փոխարենը 3.5 տարեկան Հայկը, որն անսահման նման է Շահենին, ու արդեն զգացվում է, որ նա էլ երաժշտության, պարի հանդեպ մեծ սեր ունի, կարոտը եղբոր լուսանկարները համբուրելով է առնում ու ժամանակ առ ժամանակ տեսնելով եղբոր պարերի տեսանյութերը` փորձում է դրանք կրկնօրինակել...

«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին...