Սևանա լճից դուրս է բերվել 20 ապօրինի ցանց՝ 230 մանրաձկներով

Լճում կենսապաշարների կայուն կառավարումը բխում է նաև ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից, ուստի ապօրինի ձկնորսության դեմ պայքարը նախարարության ուշադրության կենտրոնում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Այսօր Սևանա լճից դուրս է բերվել մանրաձուկ որսալու 20 ապօրինի ցանց և դրանցում առկա 230 հատ մանրաձուկ։ Տեղեկությունը հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը հատուկ հերթապահություն է իրականացրել։ Ապօրինի ցանցերն առգրավվում են և ոչնչացվում օրենքով սահմանված կարգով:

Սևանա լճի մակարդակը բարձրացել է ևս 2 սանտիմետրով

«Տարիներ շարունակ Սևանա լճի կենսաբազմազանության օգտագործումը հիմնականում ընթացել է առանց հաշվի առնելու կենսապաշարների վերարտադրության ապահովման բնական հնարավորությունները։ Օգտագործման այսպիսի մոտեցման արդյունքում աստիճանաբար տեղի է ունեցել տեսակների դեգրադացիա և նույնիսկ ոչնչացում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունից տեղեկացնում են, որ Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարը իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Կա սերտ համագործակցություն պետական այլ մարմինների՝ գերատեսչությունների և ծառայությունների հետ՝ խնդրին համապարփակ և համակողմանի լուծում տալու համար։ Ընդգծվում է, որ այսօր պետությունը ջանք չի խնայում Սևանա լճի կենսապաշարների վերականգնման և լճի առողջացմանն ուղղված միջոցառումների շրջանակում։

Ռոմանոս Պետրոսյանը մասնակցում է Սևանի ափամերձ տարածքի մաքրման աշխատանքներին

Հիշեցնում են՝ Սևանա լճում կենսապաշարների կայուն կառավարումը բխում է ինչպես Սևանա լճի, այնպես էլ ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։