ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է. նրան մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Հակոբյանը։
Նրա խոսքով` մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 306-րդ հոդվածի հատկանիշներով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը նոյեմբերի 18-ին «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ մի շարք փաստեր էր ներկայացրել պատերազմի ընթացքի ու հետևանքների մասին։ 2020թ. նոյեմբերի 19-ին ասուլիսի տեսաձայնագրությունը ՀՀ գլխավոր դատախազն ուղարկել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նյութեր նախապատրաստելու համար:
Հակոբյանի հայտարարությունների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Դատախազությունն ասել էր, որ նախաքննության ընթացքում Մովսես Հակոբյանը, անդրադառնալով լրահամալրման և զորահամալրման գործընթացներին, հայտնել է, որ իր կարծիքով, տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է լրահամալրումը, ինչի մասին տեղեկացել է այն պաշտոնատար անձանցից, որոնք լրահամալրման և զորահամալրման գործընթացը կազմակերպելու պարտականություն են ունեցել։
Նա նաև ասել է, որ ՀՀ վարչապետի կողմից լրահամալրման և զորահամալրման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ առկա է ձայնագրություն, և կարծում է, որ այն կատարվել է այդ գործընթացի համար օրենքի ուժով պատասխանատու անձանց կողմից: