Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` 2021 թվականի ապրիլի պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվել, և այդ մասովվիճակագրություն դեռ չկա։ Ըստ նրա` այս տարվա ընթացքում գրանցվել է որոշ հարկադրույքաչափերի աճ, մասնավորապես ակցիզային հարկերը բարձրացել են դիզվառելիքի, բենզինի, ալկոհոլային խմիչքների, ծխախոտի համար։ Այսինքն` ապրանքների գնաճը, որն այս տարվա երեք ամիսների հաշվարկով կազմում է 5,2 տոկոս, նպաստում է, որպեսզի ավելի շատ հարկ վճարվի պետական բյուջե։
«Որքան բարձր է ապրանքի գինը, այնքան ավելի շատ հարկ է վճարվում։ Այս իրավիճակում հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն աճել են 7,2 տոկոսով, հետևաբար պետբյուջե ավելի շատ հարկեր են մուտքագրվել հենց այդ ապրանքների իրացման ժամանակ»,– նշեց տնտեսագետը։
Պարսյանը վկայակոչեց պաշտոնական այլ տեղեկատվություն, ըստ որի`այս տարվա երեք ամիսների հաշվարկով 1000 խոշոր հարկատուները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քիչ հարկ են վճարել, ըստ այդմ` եթե 2020 թվականի առաջին եռամսյակին խոշոր հարկատուները վճարել են ընդհանուր հարկերի 85, 5 տոկոսը, ապա այս տարի` 81,5 տոկոսը։
«Այսինքն` հարկային եկամուտներն աճել են հատկապես փոքր և միջին բիզնեսի վրա բեռ ավելացնելու միջոցով։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեր տնտեսությունը -2 տոկոս անկում է գրանցել, նման հարկային հավաքագրումները միանշանակ կարևոր են ցանկացած պետության համար, բայց պետք է հասկանանք, թե ինչի հաշվին են եղել այդ հավաքագրումները և ինչ խնդիրներ կարող են առաջացնել»,– ասաց տնտեսագետը։
Պարսյանի գնահատմամբ` հարկային հավաքագրումները հիմնականում տեղի են ունեցել գնաճի շնորհիվ, հարկային դրույքաչափերի աճի շնորհիվ և փոքր ու միջին բիզնեսի վրա լրացուցիչ հարկեր դնելու, հարկային վարչարարության խստացման միջոցով։
ՊՆ–ն Հայաստանի երկրորդ խոշոր հարկատուն է. ՀՀ հարկային մուտքերն աճել են 15 միլիարդով
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2021 թվականի ապրիլին հավաքագրվել է ռեկորդային հարկային եկամուտներ՝ 180 մլրդ դրամ։
Քերոբյանը հավելել է, որ Հայաստանի ազատ և համակարգային կոռուպցիա չունեցող տնտեսությունը արագ շտկում է մեջքը, բայց դա բնավ չի նշանակում, որ տեմպը թուլացնելու իրավունք ունենք, հակառակը՝ պետք է սանձել ալիքն ու սլանալ առաջ։