Ես հույս ունեմ, որ պայմանավորվածությունները խախտելու փորձեր չեն արվի. Փաշինյան

ՀՀ Սահմանադրության համաձայն, արտահերթ ընտրություններ ՀՀ–ում հնարավոր է անցկացնել միայն այդ դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը 2 անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթում հիշեցրեց, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենում ՀՀ նախագահի, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ ձեռք է բերված պայմանավորվածության արդյունքում։

«Իմ քայլը» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվեց Նիկոլ Փաշինյանը

«Այս ընթացքում շատ քննարկումներ, շահարկումներ են լինում այն մասին, որ ահա, ինչ-որ մի պահի, ինչ-որ ուժեր փորձելու են երկրորդ փուլում այլ սցենար զարգացնել։ Ես նախորդ անգամ ասել եմ այս ամբիոնից, որ, եթե այդպիսի փորձեր լինեն, պայմանավորվածությունները խախտելու, մենք ունենք պատրաստի լուծում` այդ դեպքում «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ»,– ասաց Փաշինյանը`  հույս հայտնելով, որ պայմանավորվածությունները խախտելու փորձեր, այնուամենայնիվ, չեն արվի։

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, արտահերթ ընտրություններ ՀՀ–ում հնարավոր է անցկացնել միայն այդ դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը 2 անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրում։

Այդ դեպքում խորհրդարանը լուծարվում է ու նշանակվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

Ընտրողները 2 հոգու են տեսնում վարչապետի պաշտոնում. քաղտեխնոլոգը` ընտրությունների մասին

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ ՀՀ նախագահը ընդունեց վարչապետի և կառավարության հրաժարակամը։