Դուշանբեի ու Բիշքեկի փոխադարձ մեղադրանքները շարունակվում են. քրեական գործեր են հարուցվել

Տաջիկստանն ու Ղրղզստանը սահմանից դուրս են բերել իրենց զորամիավորումները, բանակցություններ են ընթանում, սակայն երկու երկրների դատախազությունները քրեական գործեր են հարուցել զինվորականների ագրեսիայի և տարածքներ զավթելու փորձ կատարելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ղրղզստանի գլխավոր դատախազությունը սահմանային բախման ժամանակ տաջիկ զինվորականների գործողությունները որակել է որպես ռազմական ներխուժում՝ տարածքը գրավելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղրղզստանը:

Ղրղզստանն ու Տաջիկստանը լրացուցիչ զորքերը հետ են քաշել պետական սահմանից

Ղրղզստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Տաջիկստանի զինծառայողների գործողությունները վկայում են Ղրղզստանի ինքնիշխանության և ամբողջականության նկատմամբ նախապես ծրագրված սադրանքի ու ագրեսիայի մասին:

Ըստ դատախազության` տեղի է ունեցել զինված հարձակում, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են սպանվել, կրակ է բացվել ինքնաձիգներից, ականանետներից, զրահատանկային տեխնիկայից, մարտական ուղղաթիռներից և բանակային այլ սպառազինությունից, արձանագրվել է Ղրղզստանի տարածքի և բնակավայրերի գրավում, ինչպես նաև մարտական ուղղաթիռների հարձակում Ղրղզստանի սահմանապահ ուղեկալների վրա:

Տաջիկստանի իրավապահ մարմիններն էլ իրենց հերթին են քրեական գործ հարուցել ղրղըզ զինվորականների դեմ։

Հազարավոր տարհանվածներ, այրված տներ․ ղրղզա-տաջիկական բախման հետևանքները

Երկրի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին ղրղզական զինվորականների գործողությունները, ըստ միջազգային նորմերի, գնահատվում են որպես ագրեսիայի ակտ։

Հիշեցնենք` Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչների հակամարտությունը ապրիլի 29-ին վերածվել էր երկու երկրների զինվորականների զինված դիմակայության: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև բախումները տևել էին ավելի քան 6 ժամ։ Ըստ տեղեկությունների` երկու կողմերից 50 մարդ է մահացել, ավելի քան 200-ը ուժել են: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվեցին, որ կրակը դադարեցնում են, իսկ զինվորականներին հետ են քաշում սահմանից, սակայն հաջորդ օրը փոխհրաձգությունը վերսկսվեց: Հերթական զինադադարը ձեռք բերվեց ապրիլի 30-ի երեկոյան։ Տաջիկստանի բոլոր զինվորականները մայիսի 1-ին լքեցին Ղրղզստանի տարածքը։ Այս պահին սահմանային իրավիճակը կայուն է։