ՌԱԴԻՈ

Չի բացառվում, որ ադրբեջանցիները Շուշիի եկեղեցին հետագայում մզկիթ դարձնեն. Բաբայան

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկությանը, ըստ որի` մայիսի 9 -ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները։
Sputnik
Չի բացառվում, որ ադրբեջանցիները Շուշիի եկեղեցին հետագայում մզկիթ դարձնեն. Բաբայան

Դավիթ Բաբայանի դիտարկմամբ` այն, ինչ կատարվել է Շուշիի եկեղեցու հետ, դժբախտաբար, սպասելի էր։ Նույնիսկ պետք է սպասել ավելիին` պատրաստ լինելով, որ ադրբեջանցիներն առհասարակ ձգտելու են վերացնել իրենց ենթակայության տակ անցած տարածքների բոլոր պատմամշակութային կոթողներն ու հուշարձանները։

«Նորոգման աշխատանքների» քողի տակ Ադրբեջանն աղավաղում է Շուշիի Ղազանչեցոցը. Արցախի ՄԻՊ

«Արդեն իսկ ոչնչացրել են շատ ու շատ կոթողներ, չի բացառվում, որ կոնկրետ Շուշիի սուրբ Ղազանչեցոց ամենափրկիչ եկեղեցին լինի ուշադրությունը շեղելու տարբերակ։ Փշրել են գմբեթները, հանել են խաչերը, կոտրել են հրեշտակների արձանները, և քանի որ բոլորը սևեռված են դրա վրա, ապա կփորձեն ոչնչացնել այլ շրջաններում առկա կոթողները, օրինակ` Քաշաթաղում, Քարվաճառում, Հադրութում և մյուս հատվածներում, որոնք օկուպացվել են ադրբեջանցիների կողմից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարարը։

Բաբայանի խոսքով` բոլորը պետք է բարձրաձայնեն այս խնդիրը, քանի որ ադրբեջանցիները քանդում են ամեն ինչ, հարվածում են մեր ինքնությանը, արժանապատվությանը։

«Չի բացառվում, որ հետո գմբեթը նորից կառուցեն, բայց արդեն ոչ հայկական, այլ աղվանական ոճով, ինչը բնորոշ է իրենց։ Չի բացառվում, որ Շուշիի եկեղեցին հետագայում դարձնեն մզկիթ, մանավանդ որ նման հարուստ փորձ ունեն։ Սուրբ Սոֆիայի տաճարը Թուրքիայում վերածվեց մզկիթի, այսինքն` ինչ անում է մեծ եղբայրը, փոքրն ընդօրինակում է, կյանքում էլ է այդպես»,– նշեց ԱՀ արտգործնախարարը։

Բաբայանի համոզմամբ` տեղի է ունենում մշակութային ցեղասպանություն, ահաբեկչություն և մշակութային նացիզմ, առկա են բոլոր գարշելի դրսևորումները, որ կարելի է սպասել ադրբեջանցիներից։ Ըստ նրա` դա հենց այդ երկրի պետական քաղաքականությունն է, որի հիմքն է նաև հայատյացությունը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9–ին ընդունված եռակողմ հայտարարությամբ Շուշի բերդաքաղաքն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մինչ այդ` հոկտեմբերի 8-ին, ադրբեջանական զինուժի կողմից 2 ժամվա տարբերությամբ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին կրկնակի հրետակոծության ենթարկվեց։

Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանն այսօր Facebook–ի իր էջում գրել էր, որ Մայիսի 9 -ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները, Նա հրապարակել էր նաև անգմբեթ վանքի լուսանկարը։