«Չեմ ասելու` ինչով եմ պատվաստվել». Նիկոլ Փաշինյանը` իր պատվաստանյութի մասին

Վարչապետի խոսքով` բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր պատվաստանյութերով են պատվաստվելու, որպեսզի հանրության շրջանում տիրող կասկածները փարատվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը այսօր կնոջ` Աննա Հակոբյանի հետ միասին պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, հրաժարվեց պատասխանել հարցին, թե որ պատվաստանյութով է պատվաստվել։ Ազգային ժողովում նրան պատվաստանյութի վերաբերյալ հարցը տվեց ԱԺ նախկին իմքայլական, այժմ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Ընտրական ելույթի փոխարեն Փաշինյանը խորհրդարանին կոչ արեց պատվաստվել կորոնավիրուսի դեմ

«Խնդրում եմ` ասեք, թե կոնկրետ որ պատվաստանյութով եք պատվաստվել այսօր», – ասաց պատգամավորը։

Հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր պատվաստանյութերով են պատվաստվելու, որպեսզի հանրության շրջանում տիրող կասկածները փարատվեն։

«Ես չեմ ասելու` որ պատվաստանյութով եմ պատվաստվել։ Կասեմ, որ մեր մեկ փոխվարչապետը պատվաստվել է AstraZeneca-ով, մյուս փոխվարչապետը կպատվաստվի Sputnik V-ով, հույս ունեմ, որ Ազգային ժողովի նախագահությունից որևէ մեկն էլ կպատվաստվի չինական պատվաստանյութով»,– ասաց Փաշինյանը։ Ազգային ժողովում նրա հայտարարությանը համընդհանուր ծիծաղ հետևեց։

Վարչապետը ընդգծեց, որ եթե առողջապահության նախարարությունը թույլ է տվել որևէ պատվաստանյութ մտնի շրջանառության մեջ, ուրեմն այն խնդիր չի առաջացնում։

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատվաստվել են. տեսանյութ

Հիշեցնենք` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախորդ շաբաթ պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութով։ Հայաստանում այժմ երեք տեսակի պատվաստանյութ կա` ռուսական Sputnik V, բրիտանական AstraZeneca և չինական CoronaVac.