Արցախի նախագահը հարցաքննվել է

Արայիկ Հարությունյանը խոստացել է առաջիկայում նաև հանրայնորեն ներկայացնել որոշ հարցերի պատասխաններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է ԱՀ դատախազության քննիչների կողմից: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանն այցելել է Կարմիր շուկա համայնք

«Ինչպես և խոստացել էի, տեղեկացնում եմ, որ որպես վկա հարցաքննվել եմ ԱՀ դատախազության քննիչների կողմից՝ ԱՀ  քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգի տապալում-խմբ.) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով։ Հաշվի առնելով տվյալ գործի կարևորությունը՝ հայտնել եմ հնչեցված հարցերի վերաբերյալ իմ ունեցած ողջ տեղեկությունները և վերահաստատել պատրաստակամությունս հետագայում եւս վարույթին օրենքով սահմանված կարգով մասնակցելու վերաբերյալ։

Հասկանալով մեր հայրենիքի կյանքի կարևորագույն ժամանակահատվածին՝ 44-օրյա պատերազմին վերաբերող իրադարձությունների բուն ընթացքն ու պատճառահետևանքային կապերը բացահայտելու հանրային պահանջը՝ առաջիկայում իմ իրական լիազորությունների ու իրազեկվածության սահմաններում նաև հանրայնորեն կներկայացնեմ որոշ հարցերի պատասխաններ»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին Արցախի դատախազությունը հայտնել էր մարտի 2-ին։ Նշվում էր, որ քրեական գործը հարուցվել է Արցախում գործող ՀԿ–ների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին համատեղ հաղորդման քննարկման արդյունքում:

Արայիկ Հարությունյանը մեղքի իր բաժինն ուրիշի վրա գցելու անհաջող փորձ է անում. Անտինյան