Անցնող շաբաթը լի էր ինչպես ուրախ, այնպես էլ տխուր իրադարձություններով։ Ապրիլի 26-ին Եգանյանների ընտանիքում լացն ու ուրախությունն իրար էին խառնվել` ծնվել էր պատերազմում զոհված Հրայր Եգանյանի առաջնեկը։
Մինչդեռ պատերազմում զոհված Գոռ Ավետիքյանի մայրը ՝ Փիրուզան, չգիտի ինչպես մխիթարի իրեն։Գոռի ծառայության ավարտին մոտ 4 ամիս էր մնացել։ Սպան ընտանիքին հանձնեց նրա զինվորական գլխարկը, գունապնակն ու վրձինները։
Ինչպես ամեն տեղ, կյանքը շարունակվում է։ Արցախյան պատերազմում վիրավորված զինծառայողների համար ամերիկահայ բժշկական միությունը դրամահավաք է կազմակերպել։ Հաջողվել է հավաքել 940 հազար դոլար։ Այդ գումարով վիրավորները կստանան գերժամանակակից պրոթեզներ։
Պատերազմները անցնում են, հիշողությունները մնում։ Ով կարող էր մտածել, որ 77 տարի առաջ Ղրիմում կորցրած Ազատ Մադոյանի «Մարտական գործողությունների համար» մեդալը ոչ միայն կգտնվեր, այլև Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում անցկացրած տեսակամուրջի ժամանակ կհանձնվեր նրա որդուն՝ Սամվելին:
Շարունակելով Ղրիմի թեման, նշենք, որ ապրիլի 29-ին Երևանի «Մոսկվայի տանը» «Ղրիմի օրերը Հայաստանում» միջոցառումների շրջանակում բացվեց ցուցահանդես:
Նշենք, որ ցուցահանդեսին ներկա էր նաև Հայաստանի խորհրդարանի նախկին նախագահ Արա Բաբլոյանը, որը երկար դադարից հետո առաջին անգամ հարցազրույց տվեց հենց Sputnik Արմենիայի թղթակցին։
Այս ընթացքում Մատենադարանում մեկնարկեց «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը։ Այն նվիրված է հուշարձանների պահպանության խնդիրներին։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն նշեց` երբ հակառակորդը կաշկանդված չէ քաղաքակրթական, բարոյական և իրավական նորմերով, ինչպես նաև բացարձակ արհամարհանք ունի մշակութային արժեքների նկատմամբ, դժվար է նման հակառակորդի հետ արժեքների մասին խոսել։
Մինչդեռ Սոթքում ադրբեջանական գերեզմանաքարեր կան և շատ լավ պահպանված են։
Իհարկե պատերազմի մասին հիշողությունները շարունակում են հետապնդել մարդկանց, բայց շատերը որոշել են, որ երկիրը շենացնելու համար, պետք է սեփական ոտքերի վրա ամուր կանգնել։
Գուգարքի մանկապարտեզի դաստիարակ Վարդ Խաչատրյանն արդեն 2 ամիս է, ինչ սեփական գործ է սկսել։ Մայրիկի ու տատիկի հետ միասին Վարդը մրգային ժելեներ է պատրաստում և մտադրված է առաջիկայում լայնացնել բիզնեսը։ Mr Jelly ապրանքանիշի անուշեղենը դեռ երկար իր մասին կհիշեցնի։
Դե էլ ինչ քաղցրավենիք առանց սուրճի։ Ի դեպ անցած շաբաթ սուրճի պրոֆեսիոնալ բովող Արսենի Կուզնեցովը ժամանել էր Երևան՝ իր փորձը ներկայացնելու մայրաքաղաքի սրճարաններից մեկի բարիստներին:
Անցնող շաբաթվա մյուս իրադարձություններն ու հետաքրքիր դրվագները՝ Sputnik Արմենիայի լուսանկարիչների աչքերով։