Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Աննա Աջյանը ծնվել ու ապրում է Լոս Անջելեսում, սակայն տարին մի քանի անգամ նա Ճապոնիա է գնում։ Իհարկե ոչ հենց այնպես. մայրական կողմով նա ճապոնացի է, հայրականով` հայ։ Ճիշտ է, Հայաստանում աղջիկը դեռ չի եղել, բայց վաղուց է այդ մասին երազում։ Անցած տարի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի մյուս ուսանողների հետ նա պետք է առաջին անգամ պատմական հայրենիք գար, սակայն ծրագրերը ձախողվեցին կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Հարցին, թե ինչպես են ծանոթացել իր ծնողները և ինչ ընդհանրություն ունեն նրանք, Աննան պատասխանում է. «Ծնողներս հանդիպել են Լոս Անջելեսում։ Հայկական ու ճապոնական մշակույթներն ընտանեկան արժեքների, ընկերության հարցերում մի շարք ընդհանրություններ ունեն...»
Մոդելը խոսում է երեք լեզուներով։ Խոստովանում է, որ տանը հայրիկի հետ հայերեն է խոսում, մայրիկի հետ` ճապոներեն, իսկ միմյանց հետ անգլերեն են հաղորդակցվում։
Լեզուների իմացությունն ու խարիզման նրան բերեցին հայտնի ամերիկյան NBC հեռուստաալիք, Էլեն Դեջեներսի հեղինակային շոու, որտեղ նա սինքրոն թարգմանություն էր անում ճապոներենից անգլերեն և հակառակը, որպեսզի հաղորդավարուհին կարողանա զրուցել ասիացի իր հյուրերի հետ։ Աննան խոստովանում է, որ դա շատ հետաքրքիր ու օգտակար փորձ էր։
«Ես իսկապես վայելում էի աշխատանքս։ Հիանալի հիշողություններ են մնացել նաև The World of Dance («Պարերի աշխարհ – խմբ,») Ջենիֆեր Լոպեսի շոուում աշխատանքից, որտեղ թարգմանիչ էի ճապոնացի պարողի և ժյուրիի անդամների համար», – Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է աղջիկը։
Իսկ NBC հեռուստաալիքում Աննան համահաղորդավար է աշխատել Little Big Shots մանկական շոուում, հայտնի դերասան, հումորիստ ու գրող Սթիվ Հարվիի հետ։
Աղջիկն ասում է, որ ծրագրի հյուրերից նրան հատկապես տպավորել էր մի փոքրիկ տղա, որը գիտեր աշխարհի բոլոր երկրների անվանումները։
Մոդելային կարիերան Աննան մանկուց է սկսել։ Ասում է, որ այդ գործում ամենաբարդը վաղ առավոտից մինչև ուշ գիշեր ձգվող նկարահանումներն են։ Բայց նա չի բողոքում` հանգստի ժամանակ ունենում է։
«Սիրում եմ արվեստը` թատրոն, երաժշտություն, պարեր։ Հինգ տարեկանից դաշնամուր եմ նվագում, վաղ մանկությունից զբաղվում բալետով։ Մասնակցել եմ բալետի տարբեր բեմադրությունների», – պատմում է նա։
Այսօր պատանի մոդելը Ճապոնիայում ներգրավված է բազմաթիվ նախագծերում, քանի որ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցում ուսուցումն առցանց ռեժիմի է անցել։ Բացի բուն մոդելային գործունեությունից Աննան զբաղվում է նաև «Կոմիտասի անվան ճապոնական երաժշտական միության» մշակութային ծրագրերի իրականացմամբ։
«Հիանալի է, որ Ճապոնիայում «Կոմիտասի անվան երաժշտական միությունը» հաղորդակից է անում ճապոնացիներին հայկական երաժշտությանն ու մշակույթին։ Ես ևս ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ այդ գործում», – խոստովանում է նա։
Աղջիկը համոզված է, որ կարևոր է, որ ազգերը գնահատեն միմյանց մշակույթները, չէ՞ որ նրանք միմյանցից այնքան բան կարող են սովորել։