ՌԱԴԻՈ

Բուհերի քաղաքականացման դեմ պայքարողները, գալով իշխանության, արեցին հակառակը. Մխիթարյան

Կրթության հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է բուհերի կառավարման խորհուրդների մոդելին առնչվող հարցին և դրանով պայմանավորված քննարկումներին։
Sputnik
Բուհերի քաղաքականացման դեմ պայքարողները, գալով իշխանության, արեցին հակառակը. Մխիթարյան

Ատոմ Մխիթարյանի դիտարկմամբ` ԿԳՄՍ նախարարությունը կամ կառավարող քաղաքական ուժը նախաձեռնեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» լրամշակման գործընթացը, որի շուրջ քննարկումները մեկնարկել էին դեռ վաղուց և մասնագիտական, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները մեկ տարի առաջ արդեն իսկ ասում էին, որ այդտեղ առանցքային կետն առնչվում է բուհերի կառավարման մոդելին, կառավարման խորհուրդների ձևավորման կարգին։ 

«Քանի որ մեզանում բուհերն ունեն բրգաձև կառուցվածք, որը ղեկավարում է գործադիր մարմինը` ի դեմս ռեկտորի, հետևաբար նրա լիազորություններն էլ շատ մեծ են։ Բայց քանի որ նա ընտրվում է մի կառույցի կողմից, որի անունը կառավարման խորհուրդ է և որտեղ մեծամասնությունը լիազոր մարմնի նշանակած մարդիկ են, ստացվում է, որ ողջ բուհն անցնում է տվյալ պահին երկրում քաղաքական մեծամասնություն ունեցող կամ կառավարություն ձևավորած ուժի ուղղակի ենթակայության տակ, քանի որ ռեկտորին ընտրող խորհրդի 9 հոգանոց կազմից 5-ին նշանակում է հենց լիազոր մարմինը` կառավարությունը կամ ԿԳՄՍ նախարարությունը»,– նշեց փորձագետը։

ԵՊՀ–ի հատուկ կարգավիճակը պետական գաղտնի՞ք է. ԿԳՄՍՆ–ն խուսափում է հստակ տեղեկություն տալուց

Մխիթարյանի կարծիքով` օրվա քաղաքական իշխանությունն առանցքային կետը դնելով նոր օրենքի հիմքում, ուզում էր կարճ ժամանակով իր ազդեցության լծակները բանեցնել ու իր ազդեցության ոլորտում պահել բոլոր բուհերին, որոնցում կուտակված է մտավորականության զգալի մասը, ինչպես նաև առաջադեմ երիտասարդությունը։ 

«Դեռևս 2018 թվականի փետրվարին, երբ քննարկվում էր օրենքի նախագիծը, ես, իմ համախոհները և ներկայիս քաղաքական իշխանության ներսում գործող շատ շատերը պայքարում էինք բուհերի քաղաքականացման դեմ և ԱԺ–ում կազմակերպված լսումների ժամանակ դեմ էինք արտահայտվում այդպիսի կետին` առաջարկելով խորհրդի կազմի 50/50 տարբերակը, որպեսզի լիազոր մարմնի քաղաքական ազդեցությունը չզգացվի։ Բայց իմ երբեմնի համախոհները, գալով իշխանության, ավելի խստացրին այդ դրույթը, ինչի դեմ պայքարում էին նախկինում»,– նշեց փորձագետը։ 

Մխիթարյանի խոսքով`այդ հարցը դարձավ լուրջ քննարկումների առարկա, որովհետև ներկայիս կառավարության գործելակերպի համաձայն` նախապես ասվում է մի բան, սակայն հետո արվում ճիշտ հակառակը։   

Հիշեցնենք, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծով առաջարկվող կարգավորմամբ` բուհերի կառավարման խորհուրդների կազմը սահմանվում է 9 հոգի, որոնցից 4-ին ընտրում է բուհի ակադեմիական խորհուրդը, իսկ 5-ին նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը` գիտության, կրթության, մշակույթի և գործարար շրջանակներից։ 

ՀՀ նախագահն այցելել է ԳԱԱ. քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը

Ըստ նախագծի` բուհի ռեկտորն ընտրվում է կառավարման խորհրդի կողմից` ընտրանքային կարգով։ Մրցույթը հաղթահարած մինչև երեք թեկնածու կարող են խորհրդի որոշումով առաջարկվել համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանը։  

Տեղեկացնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը և այն ուղարկել է ՍԴ` սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով։