ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Բաքուն մտադիր է ամռան ամիսներին բարձրացնել ռուս-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի հարցում Մոսկվայի հետ աշխատանքի ակտիվությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովին:
«Ադրբեջանա-ռուսական սահմանի սահմանազատման գործընթացը շարունակվում է։ Անցյալ տարի համավարակի պատճառով որոշ միջոցառումներ ստիպված էինք հետաձգել։ Հուսով ենք, այս տարի ամռանն այդ ուղղությամբ կբարձրացնենք ակտիվությունը», - հայտարարել է Խալաֆովը լրագրողների հետ զրույցում։
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սահմանը հաստատվել է 2010 թվականի հոկտեմբերի 3-ին Բաքվում ստորագրված պայմանագրով: Այն ուժի մեջ է մտել վավերագրերի փոխանակման օրը ՝ 2011 թվականի հուլիսի 18 — ին։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային միջպետական սահմանի երկարությունը կազմում է 284 կմ։
Ավելի վաղ կողմերի ներկայացուցիչները հայտարարել էին, որ ռուս-ադրբեջանական պետական սահմանին վիճելի հարցեր չեն մնացել: Սահմանային հարցերով համաձայնագրերն արդեն վավերացվել են երկու երկրների խորհրդարանների կողմից։
Դեմարկացիայի համատեղ ռուս-ադրբեջանական հանձնաժողովի ստեղծման մասին դրույթը ստորագրվել է 2013թ. մայիսի 15-ին Մոսկվայում, հանձնաժողովի առաջին նիստից հետո։