ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և տեղում ծանոթացել բնակարանաշինության պետական ու բարեգործական ծրագրերի իրականացման աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
«Նախագահը նախ եղել է պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր թաղամասի շինհարթակում, որտեղ ընթանում են փայտե կոնստրուկցիաներով արագ հավաքվող մոտ 140 առանձնատների տեղադրման աշխատանքները, հետաքրքրվել շինարարության ընթացքով ու բնակարանային կարիքներով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կարմիր շուկա համայնքի ղեկավարը ներկայացրել է նախագահին համայնքում առկա բնակարանային ապահովության խնդիրները՝ մասնավորապես նշելով, որ, ի հավելումն նախատեսված խմբերի, Կարմիր շուկայում վերաբնակվելու ցանկություն են հայտնել ևս մի քանի տասնյակ տեղահանված ընտանիքներ։
Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիներին բնակարաններով ապահովելու խնդիրն Արցախի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է, և անհրաժեշտ է գտնել նոր լուծումներ համայնքում բնակություն հաստատելու ցանկություն հայտնած բոլոր քաղաքացիների համար պատշաճ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Այս համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարել է մի շարք առանձնատների համար մշակել ընդլայնված տարբերակների նախագծեր, որոնք հնարավորություն կտան բազմանդամ ընտանիքներին տրամադրել հավելյալ սենյակներով բնակարաններ, և անհրաժեշտության դեպքում նախատեսել նաև կառուցվող առանձնատների ավելի մեծ քանակ։
Այնուհետև Հարությունյանն այցելել է համայնքում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինհարթակ, պատասխանատուների և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղում քննարկել շինարարության ընթացքին վերաբերող մի շարք հարցեր, տվել հանձնարարականներ՝ ուղղված աշխատանքները նախանշված ժամկետներում ավարտելուն:
Արցախի Կարմիր Շուկայում նոր թաղամաս է կառուցվում. լուսանկարներ
Հարությունյանին այցի ընթացքում ուղեկցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Հիշեցնենք՝ պատերազմի 44 օրերի ընթացքում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերը հայտնվում էին Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում էր «Սմերչ» տեսակի հրթիռներ։