Էդուարդ Թումասյանի դիտարկմամբ` կորոնավիրուսային համավարակն ու արցախյան 44-օրյա պատերազմը աներևակայելի վնասներ են հասցրել աշխատաշուկային, քանի որ շատերը կորցրին աշխատանքը, նվազեցին եկամուտները, հատկապես տուժեցին միջին խավը, ցածր օրավարձով վարձատրվող աշխատողները։
«Մյուս կողմից` պետք է նշել նաև, որ որոշ աշխատատեղեր պահպանվեցին շնորհիվ այն գործատուների, որ պանդեմիայի ընթացքում գերադասեցին չզրկվել աշխատուժից ու պահպանեցին մարդկանց աշխատավարձերը։ Մեր հիմնական գործունեությունը ծավալվեց համավարակի դեմ պայքարի միջոցառումները կազմակերպելու ուղղությամբ։ Պատրաստեցինք մեծածավալ մեթոդական նյութեր` աշխատատեղերում աշխատողների անվտանգությունն ապահովելու նկատառությամբ»,– նշեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը։
Թումասյանի տեղեկացմամբ` ամբողջ աշխարհում մոտ 40 միլիոն աշխատատեղ է կրճատվել համավարակի պատճառով ու թեև մեզ մոտ թվերն ավելի փոքր են, բայցևայնպես, աշխատաշուկայում հետևանքներն անխուսափելիորեն զգացվում են, մինչդեռ, ըստ Թումասյանի, առանց պատշաճ աշխատանքի չի կարող լինել արժանապատիվ կյանք, իսկ երկրի համար` կայուն տնտեսական աճ։
Ըստ նրա` սոցիալական գործընկերության շրջանակներում Գործատուների հանարապետական միության և կառավարության միջև ստարագրվել է համաձայնագիր` աշխատավորների իրավական, սոցիալական կարգավիճակն ավելի լավացնելու և այդ ուղղությամբ համատեղ գործունեությունն ակտիվացնելու նկատառությամբ։
«Բոլորիս մոտ առաջացել է դեպրեսիվ իրավիճակ, որ պանդեմիայի պատճառով նույնիսկ չենք կարողանում տոնական տրամադրություն ստեղծել աշխատավորների համար։ Չնայած դժվարություններին` մենք շարունակում ենք ակտիվ գործել աշխատավորների իրավունքների պաշտպանության, սոցիալ–տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ` տալով նաև անվճար խորհրդատվություն, իրավաբանական աջակցություն»,– ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը։
Թումասյանի խոսքով` տեղերում կան ուժեղ գործող արհմիություններ, որոնք կատարում են մեծածավալ աշխատանք և անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում իրենց անդամներին։ Այդպիսիք են, օրինակ, լեռնամետալուրգիական արդյունաբերության ոլորտում գործող արհմիությունները։ Այդուհանդերձ, շուկայական հարաբերություններն, ըստ Թումասյանի, բերեցին որոշ արհմիությունների անդամների թվաքանակի կրճատման և հիմա չկա այն բանակը, որը կար խորհրդային ժամանակաշրջանում։
Աշխատելն անհրաժեշտություն է հատկապես ամենաբարդ իրավիճակներում. Արմեն Սարգսյան
Անդրադառնալով կառավարության սոցիալական աջակցության ծրագրերին` Թումասյանն ընդգծեց, որ գնաճի ու սոցիալ–տնտեսական ճգնաժամի պայմաններում դրանք ցանկալի ազդեցություն չունեցան և այնպիսի տպավորություն է, որ այդ սուղ գումարներն ուղղակի փոշիացան, մինչդեռ կառավարությունը, նրա համոզմամբ, պետք է ձեռնարկեր ավելի լուրջ բան, քանզի հատկացված գումարների չափն ուղղակի ծիծաղելի է մեր նման երկրների համեմատության համատեքստում։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը մասնագիտական օրվա առթիվ ցանկություն հայտնեց, որ աշխատավորներն ունենան արժանապատիվ աշխատանք, արդար աշխատավարձ և կայուն զարգացում։
Նշենք, որ աշխատավորների համերաշխության միջազգային օրը աշխարհի բազմաթիվ երկրներում և տարածքներում նշվում է մայիսի 1-ին։
Աշխատանքին և աշխատավորներին նվիրված օրեր կան աշխարհի 142 երկրներում։
Մայիսի 1-ն իր ժամանակակից ձևով առաջացել է 19-րդ դարի կեսերին ի հայտ եկած աշխատանքային շարժման մեջ, որի առաջ քաշած հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրվան անցնելն էր։
«Եկամտահարկի վերադարձի չեղարկումը շուկայի վրա կունենա շոկային ազդեցություն». Ապրիյան