Դաշնակցությունը որևէ ճնշումից վախեցողը չէ. ՀՅԴ բյուրոյի հայտարարությունը

ՀՅԴ բյուրոն հայտնում է, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը թիրախավորում է քաղաքական հակառակորդներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. ՀՅԴ բյուրոն հայտարարություն է տարածել` ասելով, որ քաղաքական հետապնդումների թիրախում են հայտնվել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության պատասխանատուները, անդամներն ու համակիրները։

ՀՅԴ-ականներին հարցաքննության կանչելը դատախազության մոտ ծրագրվող ակցիայի հետ կապ չունի

Հայտնել էինք, որ ապրիլի 27-ին ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն` Հայկ Գեքիմյանին, կալանավորեցին։ Ապրիլի 22-ին դատախազության դիմաց ակցիայի ժամանակ հրմշտոց էր տեղի ունեցել. Հեքիմյանը ապրիլի 23-ի երեկոյան բերման էր ենթարկվել՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով։

«Արժանապատիվ քաղաքացիների բողոքի ձայնը փորձ է արվում լռեցնել ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ, ձերբակալություններով և շինծու քրեական գործեր հարուցելով։ Ակնհայտ է, որ իրավապահների այս գործելակերպը թելադրված է օրվա իշխանությունների կողմից։ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը փորձում է ապօրինի հրահանգներով ուղղորդել դատախազությանն ու քննչական մարմիններին՝ թիրախավորելով քաղաքական հակառակորդներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ՀՅԴ Գերագույն ժողով

Նման գործելաոճը, ըստ ՀՅԴ բյուրոյի, ի ցույց է դնում օրվա իշխանությունների մոտ առկա քաղաքական ճգնաժամը։

Բյուրոն վստահեցնում է` Դաշնակցությունը որևէ ճնշումից վախեցողը չէ. վկան կուսակցության 130 տարվա պատմությունն է։