ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
77-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից, վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ տղամարդը մահացել է։
Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում:
Բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է բժիշկների բոլոր ցուցումները` ստացել պատշաճ բուժօգնություն: Նրա մոտ հոգեկան շեղումներ մասնագետները չեն արձանագրել:
Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:
Հիշեցնենք, որ նմանատիպ պատահար էր գրանցվել նաև ապրիլի 7-ի գիշերը։