ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել Հայ Առաքելական Եկեղեցու և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրանց ներդրած ավանդի համար։ Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
Սարգսյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել հայապահպանության ու հայրենիքի զորացման նվիրական գործին արժանապատվորեն ծառայելու համար:
Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Դանիել եպիսկոպոս Ֆինդիկյանին, Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին ուղղված նամակներում նախագահ Սարգսյանը մասնավորապես ընդգծել է եկեղեցու համախմբող դերը հայ համայնքի կյանքում։
Նա նշել է, որ նրանք մշտապես մասնակցություն են բերում հայանպաստ տարաբնույթ ձեռնարկներին և ամենայն նվիրումով ու պատրաստակամությամբ ջանքեր ներդնում հայոց արդար դատը տրամաբանական ավարտին հասցնելու համազգային պայքարում:
Հիշեցնենք` ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»: Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իր հերթին հայտարարեց, որ խորապես վշտացած է իր ամերիկյան գործընկերոջ հայտարարությամբ։
«Նրանց ներքին գործն է». Պեսկովը` Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին