Հազարավոր տարհանվածներ, այրված տներ․ ղրղզա-տաջիկական բախման հետևանքները

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին զինված բախման հետևանքով հազարավոր խաղաղ բնակիչներ են տուժել. մարդիկ ստիպված են եղել անվտանգ վայր մեկնել, շատերը կորցրել են իրենց տները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ղրղզստանի Բատկենի մարզում տասնյակ տներ և բենզալցակայաններ են այրվել, ղրղզա-տաջիկական սահմանին տեղի ունեցած բախման գոտուց Ղրղզստանի մոտ 13,5 հազար բնակիչ է տարհանվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղրղզստանը` հղում անելով Բատկենի մարզի վարչակազմին։

Ըստ տվյալների՝ Բատկենի շրջանի Կոկ-Տերեկ գյուղում ամբողջովին այրվել է 17 տուն։ Բացի այդ, տներ ու գազալցակայաններ են այրվել Սադա, Մակսատ, Ժաշտկ, Բորբորդուկ, Արկա, Ժանը-Ժեր գյուղերում։

Հիշեցնենք` ապրիլի 28-ին Տաջիկստանի բնակիչները սկսել էին խճաքար բեռնել Ակ-Սուու գետի ափից՝ պետական սահմանի պայմանական գծից 3-4 մետր հեռավորության վրա։ Այնուհետև տաջիկական կողմը որոշել էր տեսահսկման սարքեր տեղադրել Բատկենի շրջանի «Գոլովնոյ» ջրամբարի մոտ՝ էլեկտրահաղորդման գծերի սյուների վրա։ Երկու կողմից 100-150 մարդ էր հավաքվել, նրանք սկսել էին քարեր շպրտել միմյանց վրա։ Երեկոյան իրավիճակը կայունացել էր, բանակցություններ էին անցկացրել, և տաջիկական կողմը համաձայնել էր հանել տեսախցիկները, բայց խոստումը չէր կատարել։

Սահմանային իրավիճակը սրվեց երեկ առավոտյան։ Ղրղզստանի և Տաջիկստանի զինվորականները օրվա ընթացքում սկսեցին կրակել միմյանց ուղղությամբ։

Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ 13 հոգի մահացել են, 134 –ը` տուժել։ Տաջիկստանի Հանրապետությունից հայտնում են երեք զոհի և տասնյակ տուժածների մասին։

Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո կողմերը պայմանավորվեցին ժամը 20։00-ից դադարեցնել կրակը և ռազմական ուժերը վերադարձնել տեղակայման նախկին վայրեր։ Գիշերը հայտնի դարձավ, որ չնայած պայմանավորվածություններին՝ Լեյլեկի շրջանի գյուղերում հրաձգություն է եղել, ղրղզստանցիների տներ են այրվել։

Իսրայելում կրոնական տոնի ժամանակ մարդիկ են մահացել, ներգրավվել է բանակը. տեսանյութ