ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով հիվանդ անձանցից ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից ծանր է 962-ի վիճակը, իսկ ծայրահեղ ծանր՝ 233-ինը: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«Ստացիոնար բուժում ստացող 2294 քաղաքացուց 76-ն էլ միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերին։ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո շուրջ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը»,- գրել է Սիմոնյանը:
Փոխնախարարի խոսքով՝ կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժօգնության ավարտից հետո քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցնել երկարատև վերականգնման շրջան:
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 536–ով և դարձել 216064։
Ապրիլի 30-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 12803 մարդ, կատարվել է 983656 թեստավորում, առողջացել են վարակվածներից 198135-ը: Գրանցվել է մահվան 4108 դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 1018 է։
Հնդկաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 386 հազար դեպք