ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրել է ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործություններն ու գերիների վերադարձի հրատապությունը։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի մամուլի ծառայությունը։
Արման Թաթոյանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:
Նա ընդգծել է՝ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում։ Դա նշանակում է, որ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են ու պետք է անհապաղ ազատ արձակվեն, վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:
«Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում»,- իր խոսքում նշել է պաշտպանը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով շարունակվում է պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականությունը: Դրա ապացույցներից է նաև Բաքվում, այսպես կոչված «Ռազմավարների պուրակի» ստեղծումը։
Նա կրկին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդտեղ հայ զինվորների մանեկեները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ու ֆրանսիացի խորհրդարանականները պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
Նշենք, որ Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեի գլխավորած պատվիրակության կազմում են եղել սենատոր, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Ժան-Պիեր Կյուբերտաֆոնը, պատգամավորներ Մարգրիտ Դըպրե-Օդըբերը և Քսավիե Բրըտոնը:
Պետք է լինել համբերատար. Փաշինյանը հուսով է, որ Ադրբեջանը շուտով կվերադարձնի գերիներին