Սադրանք՝ հայ-հնդկական բարեկամության դեմ. ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Գանդիի հուշարձանի պղծումը

Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորի պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման ցանկացած արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքը:

«Խստորեն դատապարտում ենք Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ և հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը և հրկիզումը: Սա սադրանք է՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ»,-նշված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ն հիշեցնում է, որ հուշարձանների պահպանման խնդիրը բոլորի պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման ցանկացած նման արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ, որի իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի շրջանակներում:

Ավելի վաղ արձանի հրկիզումը դատապարտել էր Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։   

Հիշեցնենք, որ ապրիլի 28–ին անհայտ անձինք հրկիզել էին Գանդիի հուշարձանը։ Հայկական մի շարք Telegram-ալիքներ ապրիլի 28-ի երեկոյան հրապարակել էին  լուսանկարներ, որոնցում արձանը կրակի մեջ էր: Իսկ դրանից երկու օր առաջ հուշարձանի վրա հավի ձվեր էին նետել։