ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի և այդ երկրի հետ համագործակցությունը շարունակելու հարցում Մոսկվան կողմնորոշվում է Իրանի պաշտոնական դիրքորոշմամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և իրանցի տնտեսագետ Սայիդ Լիլազի զրույցի արտահոսքի մասին:
Ապրիլի 25-ին ամերիկյան և իրանական ԶԼՄ-ները Լիլազի և Զարիֆի՝ մարտին կայացած զրույցի ձայնագրությունից մի հատված էին հրապարակել: Զրույցի ընթացքում նրանք քննարկում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի (սպանվել է 2020 թվականին) 2015 թվականի մոսկովյան այցը, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերություններն ու միջուկային գործարքի ապագան: Ձայնագրության մեջ Զարիֆն ասում է, որ հենց Սուլեյմանին է մեծ դեր խաղացել երկրի արտաքին քաղաքականության և Մոսկվայի հետ բանակցությունների հարցում։
«Մենք ընդհանուր առմամբ միշտ կենտրոնանում ենք Թեհրանի` բազմիցս արտահայտած պաշտոնական դիրքորոշման վրա», - ասել է Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ Իրանը բազմաթիվ անգամ է պաշտոնապես շնորհակալություն հայտնել Մոսկվային Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշման համար, հանդես է եկել ՌԴ-ի հետ համագործակցությունը շարունակելու օգտին:
Իրանը սկսել է ուրանի մինչև 60 տոկոս հարստացումը. ՄԱԳԱՏԷ–ն հաստատել է
«Առանց Ռուսաստանի Դաշնության վճռորոշ օգնության համեմատաբար կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր լինի վերջնականապես վերացնել Իրանի նկատմամբ ՄԱԳԱՏԷ-ում կուտակված բոլոր հարցերը, երաշխավորել նրա միջուկային գործունեության թափանցիկությունն ու բացառապես խաղաղ ուղղվածությունը: Առանց դրա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը չէր լինի 2015 թվականին, և այն հաստատ կխեղդվեր 2018 թվականին Թրամփի՝ գործարքից դուրս գալուց հետո», – նշել է Զախարովան։
Նրա խոսքով ՝ իրանական միջուկային գործարքի մասնակից երկրների և ԱՄՆ-ի բանակցությունների ամենաթեժ պահին այդ արտահոսքի մեկնաբանումը միայն վնասում է գործին: Մոսկվան իր հերթին շարունակելու է ծրագիրը վերակենդանացնելու ջանքերը։
Ադրեն մի քանի շաբաթ է` Ավստրիայի մայրաքաղաքում անցկացվում են միջուկային գործարքի հարցերով զբաղվող հանձնաժողովի կանոնավոր նիստերը։ Ստեղծվել են երեք աշխատանքային փորձագիտական խմբեր, երկուսը զբաղվում են կոնկրետ քայլերի որոնմամբ, որոնք պետք է ձեռնարկեն Թեհրանն ու Վաշինգտոնը միջուկային գործարքն ամբողջությամբ վերականգնելու համար: Երրորդ փորձագիտական խմբի խնդիրը այդ քայլերի հաջորդականության համաձայնեցումն է։
Չիրացված ներուժ կա․ նախարար Պապիկյանն ու Իրանի դեսպանը հանդիպել են