Փաշինյանը Կազանում խոսել է գերիների, խաղաղապահների ու Ադրբեջանի պահվածքի մասին

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին այն ջանքերի համար, որոնք գործադրվում են գերիների հարցը լուծելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կազանում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունն արդյունավետ է գնահատում։

Պետք է լինել համբերատար. Փաշինյանը հուսով է, որ Ադրբեջանը շուտով կվերադարձնի գերիներին

«Ցանկանում եմ հատկապես նշել Ռուսաստանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում։ Եվ ուզում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունն արդյունավետ եմ գնահատում, դա արդեն մեզ համար ակնհայտ է», - ասել է Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։

Նա հիշեցրել է, որ ընթանում է եռակողմ հանձնաժողովի աշխատանքը, որը գլխավորում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները:

«Բայց ուզում եմ նշել, որ, ցավոք, Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր կետը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ պահված անձանց վերադարձին», - ասել է Փաշինյանը։

Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին այն ջանքերի համար, որոնք գործադրվում են հարցը լուծելու համար։

Հիշեցնենք` Փաշինյանն աշխատանքային այցով Կազան է մեկնել այսօր` ապրիլի 29-ին։ Նա մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։

Վարչապետի պաշտոնակատարը Կազանում կայցելի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։

Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել