Միշուստինը Պուտինի ողջույններն է փոխանցել Փաշինյանին և խոսել ապրանքաշրջանառության մասին

Միխայիլ Միշուստինի խոսքով ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարից հետո ընդունված հայտարարությունը մեծ հնարավորություններ է բացում համատեղ աշխատանքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի -Sputnik. Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք ռազմավարական և դաշնակցային բնույթ են կրում։ Այս մասին ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։

«Նախ ուզում եմ Ձեզ փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույններն ու լավագույն բարեմաղթանքները», - ասել է Միշուստինը:

Փաշինյանը Կազանում խոսել է գերիների, խաղաղապահների ու Ադրբեջանի պահվածքի մասին

ՌԴ կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը, որն ընդունվել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից հետո, լայն հնարավորություններ է բացում համատեղ աշխատանքի համար:

«Դա առաջին հերթին տնտեսական եւ տրանսպորտային բոլոր ճանապարհների ապաշրջափակումն է, ենթակառուցվածքային նոր երթուղիների ստեղծումը։ Այս ամենը պայմաններ կստեղծի անդրկովկասյան տարածաշրջանի կայուն զարգացման համար», - նշել է Միշուստինը։

Միխայիլ Միշուստինն առաջարկել է նաև ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովին հանձնարարել զբաղվել ապրանքաշրջանառության ավելացման և փոխադարձ ներդրումների աճի հարցերով:

ԵԱՏՄ երկրները պետք է ամրապնդեն միասնական շուկան. Միշուստինը` զարգացման նոր մակարդակի մասին

Նրա խոսքով ՝ կորոնավիրուսի համավարակն ազդել է երկկողմ առևտրի դինամիկայի վրա. անցյալ տարի համատեղ ապրանքաշրջանառությունը նվազել է մոտ 10 տոկոսով և կազմել շուրջ 2,3 մլրդ դոլար: