ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Այսօր Երևան քաղաքի քննչական վարչությունը հարցաքննության է կանչել 5 դաշնակցականի։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։
«ՀՅԴ գերագույն մարմինը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով մեր երկրում տիրող իրավական «բարդակի» կապակցությամբ բոլոր անհանգիստ քաղաքացիներին հրավիրեց այսօր՝ ժամը 17:00-ին հավաքվել ՀՀ գլխավոր դատախազության մոտ։ Այդ հրավերին արձագանքեցին բազմաթիվ քաղաքացիներ։ Եվ օ՜ հրաշք։ Այսօր հարցաքննության են կանչվել ՀՅԴ անկյունաքարային դեմքերը՝ Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը, Տարոն Տոնոյանը, Գերասիմ Վարդանյանը։ Совпадение? Не думаю»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք` Իշխան Սաղաթելյանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո կարճ ժամանակով (2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը) եղել է Գեղարքունիքի մարզպետը։
Արծվիկ Մինասյանը տարբեր տարիներին եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, էկոնոմիկայի նախարար, բնապահպանության նախարար։
Գեղամ Մանուկյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրենն է։
Տարոն Տոնոյանը հայտնի վիրաբույժ է։
Գերասիմ Վարդանյանը ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեի ներկայացուցիչն է։
Սիմոնյանն ԱԺ-ում կցանկանար տեսնել Խաչատուր Սուքիասյանին, Արամ Սարգսյանին, ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին