Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը հասանելի կլինի 18-ից բարձր քաղաքացիների համար

Որոշ տվյալներով` չինական պատվաստանյութի արդյունավետությունը հասնում է 50-60 %-ի։ ԱՆ նախարարը շեշտում է, որ այդ արդյունավետությունը վերաբերվում է հիվանդության ասիմպտոմ դեպքերին, բոլոր պատվաստանյութերը 100 տոկոսով պաշտպանում են հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը հասանելի կլինի 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար:

 Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նշենք, որ հաջորդ շաբաթ Հայաստանը կստանա կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի 100 000 դեղաչափ՝ նախատեսված 50 000 պացիենտի համար:

ՀՀ–ում նոր ռեժիմ կգործի. պատվաստված անձինք մեկնելիս կամ ժամանելիս ՊՇՌ թեստ չեն հանձնի

«18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները կարող են հայտ ներկայացնել պատվաստվելու համար», - ասաց նա:

Նախարարի խոսքով՝ պատվաստանյութի արդյունավետությունը վերաբերվում է հիվանդության ասիմպտոմ դեպքերին։ Սակայն բոլոր պատվաստանյութերը 100 տոկոսով պաշտպանում են հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից:

Ավանեսյանը շեշտեց, որ Հայաստանում այս պահին մեծ է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի նկատմամբ հետաքրքրությունը: Այն ևս հասանելի է քաղաքացիների համար: Մեկ-երկու շաբաթը մեկ ակնկալվում է պատվաստանյութի նոր խմբաքանակներ ստանալ:

«Պատվաստանյութերն անհրաժեշտություն են և ոչ թե ընտրության կամ շքեղության միջոց։ Մեր բժիշկների աշխատանքն ու նվիրվածությունը գնահատելով` պիտի խնդրեմ, որ նրանց էլ այս շատ բարդ իրավիճակից ազատենք: Իսկապես նրանք հոգնել են: Մարդիկ արդեն տարուց ավելի է՝ օր ու գիշեր պայքար են մղում մարդկանց կյանքերը փրկելու համար», - ասաց նախարարը:

 Նա շեշտեց, որ բոլոր երկրների կառավարություններն էլ առաջին դեմքերը սեփական օրինակով ցույց են տալիս, թե ինչքան կարևոր է օր առաջ պատվաստվել։

Հաջորդ շաբաթվանից Հայաստանում կգործեն պատվաստման շարժական թիմեր. նախարար

Հիշեցնենք, որ երեկ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ «AstraZeneca»-ի պատվաստանյութով: