Կարևոր է, որ Հայաստանում ընտրությունները լինեն ազատ և օրինական. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ անկախ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքից` Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են և կմնան լավը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի -Sputnik. Կարևոր է, որ Հայաստանում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ և օրինական։ Այս մասին «Իզվեստիայի» թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը Կազանում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

Միշուստինը Պուտինի ողջույններն է փոխանցել Փաշինյանին և խոսել ապրանքաշրջանառության մասին

«Կարևոր է, որ ընտրություններն ազատ լինեն, և Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան օրինականության և ազատ կամարտահայտության պայմաններում ընտրել նոր խորհրդարան», - ասել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ ինքը տարաձայնություններ չունի և չի ունենա փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և իր քաղաքական թիմի այլ անդամների հետ։

Խոսելով Երևանի եւ Մոսկվայի միջև հարաբերությունների հեռանկարների մասին՝ Փաշինյանն ընդգծել է, որ այդ հարցը պետք չէ նույնիսկ քննարկել։

«Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են, կան և կլինեն լավը», - ընդգծել է նա:

Սերգեյ Լավրովը կրկին կայցելի Երևան

Մարտի 18-ին Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ազգային ժողովն արդեն հաստատել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։ Վարչապետն իր հրաժարականի մասին հայտնել է ապրիլի 25-ին, ՀՀ նախագահն ընդունել է այն: