Հաջորդ շաբաթվանից Հայաստանում կգործեն պատվաստման շարժական թիմեր. նախարար

Հայաստանում այսօրվա դրությամբ պատվաստված է ընդամենը 2690 մարդ։ Այս ցուցանիշը ՀՀ վարչապետի ԺՊ-ն խայտառակ ցածր ցուցանիշ համարեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Հաջորդ շաբաթվանից Հայաստանում կսկսեն գործել պատվաստման շարժական թիմեր, որոնք էլ ավելի կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը քաղաքացիներին։ Տեղեկությունը ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնեց Առողջապահության նախարարի պաշտանակատար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը վստահեցրեց, որ Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդացության ծանր ու ծայրահեղ ծանր ընթացքից։

Փաշինյանը հանձնարարեց, որ կառավարության նիստին ներկա բոլոր անձինք պատվաստվեն

«Ուզում են նշել, որ ռիսկը պատվաստանյութից  թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք COVID-ով վարակվելու և դրա հետևանքով առողջությանը ծանր, ծայրահեղ ծանր ու նաև մահվան դեպքերի հետ»,– ասաց Ավանեսյանը։

Նախարարը կոչ արեց նաև կառավարության անդամներին իրենց օրինակով քաղաքացիներին ցույց տան խնդրի կարևորությունը։

«Ես երեկ պատվաստվել եմ, պարոն Ավինյանը ևս։ Ինձ զգում եմ շատ լավ և հուսով եմ, որ այս օրինակը վարակելի կլինի»,– ասաց նա։

Փաշինյանն էլ հանձնարարեց, որ մեկ շաբաթվա ընթացքում կառավարության նիստին ներկա բոլոր անձինք կպատվաստվեն։

Հայաստանում այսօրվա դրությամբ պատվաստված է ընդամենը 2690 մարդ։ Այս ցուցանիշը ՀՀ վարչապետի ԺՊ—ն խայտառակ ցածր ցուցանիշ համարեց։

Անահիտ Ավանեսյանը պատվաստվեց կորոնավիրուսի դեմ. տեսանյութ

Նշենք, որ Հայաստանում կիրառվում են «Սպուտնիկ V» և «AstraZeneca» պատվաստանյութերը։ Ինչպես երեկ լրագրողներին հայտնեց նախարար Ավանեսյանը, հաջորդ շաբաթ Հայաստանը ևս 50 000 դեղաչափ չինական պատվաստանյութ կստանա։