ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ի պատասխան Նովրուզի և արեգակնային Նոր տարվա առիթով Հայաստանի նախագահի հղած շնորհավորական ուղերձի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հուսով եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները, հաշվի առնելով երկու երկրների միջև վաղեմի կապերը և առկա կարողությունները՝ ընդհանուր շահերն ապահովելու, տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը ամրապնդելու և համաշխարհային արդարություն հաստատելու ուղղությամբ, առավել կզարգանան և կամրապնդվեն»,– նամակում նշել է Սեյյեդ Ալի Խամենեին:
Հիշեցնենք` մարտի 20–ին Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։ Նա իր ուղերձում նշել էր, որ երկու ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության շարունակական զարգացման համար: Իսկ տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը պարտադրում է աշխատել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու ուղղությամբ: