ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Մայամիի միջազգային օդանավակայանում ուղևորները զանգվածային ծեծկռտուք են սարքել ինքնաթիռում նստատեղերի պակասի պատճառով: Ծեծկռտուքի ականատեսների տեսանյութը հրապարակել է CBS Chicago գործակալությունը։
Պարբերականի տեղեկություններով ՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի ՝ ապրիլի 25-ին, American Airlines ընկերության տերմինալում ՝ դեպի Չիկագո չվերթից առաջ: Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ ավիաընկերության աշխատակիցը չորս հոգուց բաղկացած խմբին հայտնել է, որ ընդամենը երեք տեղ է մնացել, իսկ երեք ուղևորներից բաղկացած հաջորդ խմբին ասել է, որ բոլոր տեղերը զբաղված են, և առաջարկել է սպասել հաջորդ օդանավին:
Ինչպես նշել է ոստիկանությունը, չորս հոգուց բաղկացած խումբը ծեծկռտուք է սկսել մյուս երեք ճանապարհորդների հետ, որոնք այդ պահին նույնպես եղել են օդանավակայանի այդ հատվածում:
Տեսանյութերում երևում է, թե ինչպես են յոթ տղամարդ ծեծում իրար։ Նրանք միմյանց հարվածում են բռունցքներով և ոտքերով, խփում հատակին ընկածին։ Մյուս ուղևորները փորձում են բաժանել նրանց և կարգի հրավիրելու կոչեր են անում։
Նշվում է, որ տուժածները չեն ցանկացել մեղադրանքներ ներկայացնել։ Հարձակվողներից մեկին ձերբակալել են, երեքին ոստիկանությունը որոնում է։