ՀՅԴ-ն բողոքի ակցիա կանցկացնի դատախազության շենքի դիմաց. հայտարարություն

Դաշնակցությունը դիմում է իրավապահ մարմիններին և պահանջում մնալ բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում, չարժեզրկել պետական ինստիտուտները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի– Sputnik. ՀՅԴ-ն ապրիլի 29-ին բողոքի ակցիա կանցկացնի դատախազության շենքի մոտ։ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն է տարածել։

ԲՀԿ-ն ընտրությունների գնալու է միայնակ ու հաղթելու է. Միքայել Մելքումյան

«Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Սյունիքի մարզում արժանացավ համատարած մերժման, որին հաջորդեց հավասարակշռությունը կորցրած անձի հայտնի ապօրինի հանձնարարականը իրավապահ մարմիններին: Մարդու իրավունքների ակնհայտ խախտումներով և արժանապատվության ոտնահարմամբ բերման ենթարկվեցին տասնյակ քաղաքացիներ: Իշխող խմբակցության մի շարք պատգամավորներ, արդարացնելով իրավապահ մարմինների այս գործելակերպը, անուղղակիորեն հաստատեցին, որ այն թելադրված է և իրականացվում է իրենց վարչախմբի գիտությամբ ու անմիջական հանձնարարությամբ»,– նշված է հայտարարության մեջ։

Քաղաքացու բերած, քաղաքացու տարած․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին

ՀՅԴ–ն հիշեցնում է, որ ի պաշտպանություն արժանապատիվ սյունեցիների, ձերբակալվածներին անհապաղ ազատ արձակելու, նրանց կտտանքի ենթարկելու դեպքերի առիթով քրեական գործեր հարուցելու պահանջներով Երևանում՝ Գլխավոր դատախազության շենքի դիմաց, անցկացվեց բազմամարդ քաղաքական հրատապ ակցիա: Գլխավոր դատախազից այս հարցով պարզաբանումներ ստանալու՝ քաղաքացիների պահանջը ոչ միայն անտեսվեց, այլև ոստիկանությունն իր ագրեսիվ գործողություններով, անգամ՝ մարմնական վնաս հասցնելով, բերման ենթարկեց տասից ավելի անձանց:

«Իրավապահ մարմինների հանցավոր վարքագիծը ստիպում է արժանապատիվ քաղաքացիներին՝ սեփական ուժերով պաշտպանել իրենց իրավունքները: Ոստիկանությունը վերածվել է իշխանության և հատկապես վարչապետի աթոռին կառչած անձի քաղաքական պատվերն ու ապօրինի հրահանգներն իրականացնող ռեպրեսիվ գործիքի: Ակնհայտ է, որ քննչական մարմիններն ու դատախազությունը ստանձնել են իշխանության հանցագործություններն օրինականացնելու անպատվաբեր դերակատարությունը: Վերջին ժամանակաշրջանում Երևանում և մարզերում նկատելի է ՀՅԴ կառույցի թիրախավորումը: Քաղաքական հետապնդումները կրում են շարունակական բնույթ»,– շեշտում է ՀՅԴ–ն:

Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն կալանավորեցին

Դաշնակցականների խոսքով` իշխանության համար ակնհայտ է, որ առանց բռնությունների ու քաղաքական հետապնդումների իրենք զրկված են վերարտադրվելու՝ նույնիսկ նվազագույն հնարավորությունից։

«Ըստ այդմ՝ դիմում ենք իրավապահ մարմիններին և պահանջում մնալ բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում, չարժեզրկել պետական ինստիտուտները, չդառնալ օրվա իշխանությունների քաղաքական կամակատարը, ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու քաղաքացու օրինական շահերին, հակառակ դեպքում՝ օրենքի ողջ խստությամբ կենթարկվեք պատասխանատվության»,– ասված է հայտարարության մեջ։

Այս պահանջը բարձրաձայնելու համար 2021թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17-ին, ՀՅԴ–ն հրավիրում է մասնակցելու դատախազության շենքի առջև նախատեսված բողոքի ակցիային։

Ովքեր են լինելու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ցուցակի առաջին տասնյակում. «Հրապարակ»