Ֆրանսիացի պատգամավորը հայ գերիներին ազատելու պահանջով բանաձև է ներկայացրել խորհրդարան

Պատգամավորը շեշտել է, որ գերիներին չվերադարձնելը հակասում է Ժնևի կոնվենցիային և միջազգային իրավունքով սահմանված նորմերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի Վալ դ'Ուազ դեպարտամենտից ընտրված պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին նոր բանաձև է ներկայացրել երկրի խորհրդարան, որով Ֆրանսիային կոչ է անում պահանջել Ադրբեջանից վերադարձնել ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց: Նա այդ մասին գրել է Facebook–ի իր էջում՝ հրապարակելով բանաձևի նախագիծը:

«Արցախում Ադրբեջանի հետ հակամարտությունից հետո հայ զինվորներից շատերը դեռ ձերբակալված են Ադրբեջանի իշխանությունների կողմից և սպասում են հայրենադարձությանը: Այս պրակտիկան բացարձակապես հակասում է Ժնևի կոնվենցիային և միջազգային իրավունքով սահմանված նորմերին: Ֆրանսիան պետք է Ադրբեջանին կոչ անի նրանց ազատ արձակել, դա է իմ բանաձևի իմաստը»,- նշել է պատգամավորը:

Պուպոնին շնորհակալություն է հայտնել այն պատգամավորներին, որոնք համաձայնել են ստորագրել բանաձևը։

Արման Թաթոյանը գերիների վերադարձի հրատապության հարցը ներկայացրել է Քերոլայն Քոքսին

Հիշեցնենք` հրադադարի հաստատումից ի վեր Հայաստան է վերադարձվել 70 հայ գերի։ Իսկ թե քանի գերի կա դեռ Բաքվում, ստույգ թիվ չի նշվում։ Իրավապաշտպանների տվյալներով՝ նրանց թիվը կարող է հասնել 300-ի։ Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ վերադարձրել է բոլոր գերիներին, իսկ իրենց մոտ մնացածները «ահաբեկիչներ» են։

Բաքվում ոչ միայն հայ զինվորների սաղավարտներն են. գերիների ու պուրակի հարցերը քննարկվել են ԵԽԽՎ–ում