«Եթե մենք գայլ ենք, ապա իրենք ոչ թե գելխեղդ են, այլ շնագայլեր են». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը կցուցադրվի շուտով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ArmNews ՀԸ-ը եթերում կինոռեժիսոր, «Իշխանություն» ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ հարցազրույցում խոսել է 2018 թվականի «թավշյա հեղափոխության», դրան նախորդող իրադարձությունների, իշխանությունից հեռանալու մասին։

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կցուցադրվի շուտով, իսկ այժմ ՀԸ-ը կարճ անոնս է ներկայացրել։

«Եթե մենք գայլ ենք, ապա իրենք ոչ թե գելխեղդ են, այլ շնագայլեր են... Ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց... Իշխանությունը ստվեր է պատին, և լինում են դեպքեր, երբ փոքր մարդիկ մեծ ստվեր են գցում պատին»,–ասում է Սարգսյանը` նկատի ունենալով ՀՀ իշխանություններին։

Սերժ Սարգսյանը նաև խոսել է իր հրաժարականի տեքստի, դրա փոփոխության և լեգենդներ դարձած թեմաների մասին:

«Իշխանություն» ֆիլմի պրեմիերայից հետո ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ պատահական չէր հայտնվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին:

«Պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր». Սերժ Սարգսյանի ուղերձը

«Ֆիլմում իմ ստեղծած կերպարներից մեկն էլ նախագահի կերպարն է, և ես ունեի հնարավորություն ֆիլմը դիտելու ընթացքում հարցեր տալու նրան: Իսկ հարցերը նոր հարցեր ծնեցին: Պայմանավորվեցինք խոսել ֆիլմի մեջ տեղ գտած իրականի և ոչ իրականի մասին, ֆիլմի իշխանության և իրական իշխանության մասին: Ու ոչ միայն՝ 2018-ի մասին, մարդկանց մասին... Ես ունեմ հարցեր, մենք բոլորս ունենք հարցեր...»,– գրել էր ռեժիսորը։

Հիշեցնենք, որ «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ ապրիլի 16–ին։

Ֆիլմը պատմում է 2018 թվականի մայիսին տեղի ունեցած «թավշյա հեղափոխության», 2020 թվականի հուլիսին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ռազմական բախումների և Արցախյան 44-օրյա պատերազմի մասին։