Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ ճանաչել է Ցեղասպանությունը. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նպատակն էր հարգել զոհերի հիշատակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ ճանաչել է Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը: Այս մասին օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ–ը։

ԱՄՆ դատարանները կարող են վերսկսել Ցեղասպանության մասով Թուրքիայի դեմ հայցերի քննարկումը

«Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, իր նպատակն էր հարգել զոհերի հիշատակը, այլ ոչ թե ինչ-որ մեկի վրա մեղքը բարդել»,–ասել է ԱՄՆ պետքարտուղարը և նշել, որ իրենց ուշադրության կենտրոնում էին Օսմանյան կայսրության վերջին օրերի իրադարձությունները:

Բլինկենը նաև ասել է, որ հաշվի առնելով նախագահ Ջո Բայդենի հայտնի հայացքները, նրա հայտարարությունն այն մասին, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն էին, չպետք է անակնկալ դառնար:

Հիշեցնենք`ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խորապես վշտացած է այդ փաստով, բայց միաժամանակ կարծիք է հայտնել, որ հունիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բայդենի հետ իր հանդիպումը նոր էջ կբացի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում:

ԱՄՆ-ի «կտրող-ծակող» փաստարկները, կամ ինչ է թաքնված Հայոց ցեղասպանության ճանաչման հետևում

Ավելի վաղ Թուրքիայի ազգային շարժում ազգայնական կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին կոչ էր արել երկրի իշխանություններին մարտական հերթապահության դնել Ռուսաստանից գնված Ս-400 համալիրները՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման: Ազգային շարժման կուսակցությունը Թուրքիայի խորհրդարանում ներկայացված է 49 պատգամավորով, այն դաշինք է կազմում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ։