ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik․ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն: Տեղեկությունը Spuntik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Պարոն Վանեցյանը հրավիրվել է նյութերի նախապատրաստման շրջանակներում բացատրություն տալու՝ կապված ենթադրյալ, իբր, դասալքության հետ։ Նա չի հարցաքննվել, նա բացատրություն է տվել։ Հարուցված քրեական գործ չկա։ Եթե իրավական գործընթաց սկսվի, քրեական գործի հարուցումը պետք է մերժվի», – ասել է Սահակյանը։
Վանեցյանի փաստաբանը նշել է, որ «Հայրենիք» զորախմբի` Շուշիի դիրքերը լքելու մասով հրապարակային կերպով հերքում է եղել այնպիսի անձանց կողմից, որոնք հենց Շուշիում են եղել։
«Սա քաղաքական հետապնդման շարունակությունն է»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան իր հրաժարականը պահանջող քաղաքացիների, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, թե «Հայրենիք» զորախումբը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի։ Սակայն ոչ դատախազությունում, ոչ ՀՔԾ–ում, ոչ ՔԿ–ում հարուցված քրեական գործ չկա։
Ամենանախկինը հենց Նիկոլ Փաշինյանն է. Արթուր Վանեցյանը՝ «նախկիններով» մանիպուլացնելու մասին