Արմեն Սարգսյանը նամակներ է գրել Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարներին

Հայաստանի նախագահը չափազանց կարևոր է համարել, որ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացվի «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիացի պատգամավորը հայ գերիներին ազատելու պահանջով բանաձև է ներկայացրել խորհրդարան

Սարգսյանը նշել է, որ Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում:

Ընդգծելով, որ այսօր Արցախում հումանիտար իրավիճակին անդրադառնալն առաջնային խնդիր է, և միջազգային հանրության կողմից հրատապ ուշադրություն է պահանջվում՝ Հայաստանի նախագահը չափազանց կարևոր է համարել, որ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացվի «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ, որն արհամարհվում է Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանը մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ շարունակում է մերժել և խոչընդոտել պատանդառնված քաղաքացիական անձանց և ռազմագերիների վերադարձին:

Այս համատեքստում նախագահ Սարգսյանը մատնանշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքը և փաստահավաք գործունեությունը, որը միջազգային ատյաններում մշտապես բարձրաձայնում է հայկական կողմի մտահոգությունների ու առկա խնդիրների մասին:

Հայ գերիները Կարմիր խաչի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին. Ամատունի

Նշելով, որ Հայաստանը բոլոր գերիների շուտափույթ վերադարձի հարցում աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից՝ Հայաստանի նախագահը դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին և Եվրոպայի խորհրդին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին և կազմակերպությանը՝ կոչ անելով միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը և անվտանգ վերադարձն ապահովելու համար:

Հիշեցնենք` հրադադարի հաստատումից ի վեր Հայաստան է վերադարձվել 70 հայ գերի։ Իսկ թե քանի գերի կա դեռ Բաքվում, ստույգ թիվ չի նշվում։ Իրավապաշտպանների տվյալներով՝ նրանց թիվը կարող է հասնել 300-ի։ Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ վերադարձրել է բոլոր գերիներին, իսկ իրենց մոտ մնացածները «ահաբեկիչներ» են։

Բաքվում ոչ միայն հայ զինվորների սաղավարտներն են. գերիների ու պուրակի հարցերը քննարկվել են ԵԽԽՎ–ում