Արցախում ռուս խաղաղապահներն օգնության խնդրանքով շուրջ 3.6 հազար դիմում են ստացել

Հերթապահ սպաները ճշտում են խնդրի բնույթը, հարազատներից պարզում այն վայրը, որտեղ ենթադրաբար կորել է զինծառայողը, արձանագրում կոնտակտային տվյալները։ Բոլոր դիմումները գրանցվում են տվյալների բազայում և փոխանցվում համատեղ որոնողական խմբեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik.  Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում քաղաքացիների ընդունելության կետում օգնության խնդրանքով մոտ 3.6 հազար դիմում են ստացել։ Այս մասին այսօր` ապրիլի 28–ին, հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ քաղաքացիների ընդունելության կետը շարունակում է աշխատանքները Ստեփանակերտում գտնվող Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնում։ Կենտրոնում «թեժ գիծ» է գործում անհետ կորած զինծառայողների որոնման համար տվյալների հավաքագրման,  մարդասիրական օգնություն ցուցաբերելու, աշխատանքի տեղավորման և այլ խնդրահարույց թեմաների հարցում օժանդակելու նպատակով։

«Այսօր դիմել է Լեռնային Ղարաբաղի 10 քաղաքացի։ Հիմնական խնդրահարույց հարցերը շարունակում են մնալ անհետ կորած զինծառայողների որոնումները, գնդակոծությունների ժամանակ ավերված տների վերականգնումը։ Դիմել են նաև երկու գյուղացի` պայթյունավտանգ առարկաներից իրենց հողատարածքներն ականազերծելու համար», – հայտնել է մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Սերովը։

Նրա խոսքով` օգնության խնդրանքով քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 3600 մարդ, այդ թվում ավելի քան 800 դիմում ստացվել է «թեժ գծով»։

Շուշիի մոտակայքում խաղաղապահների օգնությամբ վերացվել է գազատարի վթարը․ տեսանյութ

Հեռախոսով կամ անձնապես դիմումներ ընդունող հերթապահ սպաները պարտադիր ճշտում են խնդրի բնույթը, հարազատներից պարզում այն վայրը, որտեղ ենթադրաբար կորել է զինծառայողը, արձանագրում կոնտակտային տվյալները։ Բոլոր դիմումները գրանցվում են տվյալների բազայում և փոխանցվում համատեղ որոնողական խմբեր։

Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները հետագայում իրականացվում են Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման զինծառայողների կողմից ԿԽՄԿ–ի ներկայացուցիչների, հայկական և ադրբեջանական կողմերի հետ փոխգործակցությամբ։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են