«Ամեն ինչ պարզ էր հոկտեմբերի սկզբին». ԱՀ նախագահն ասել է` ինչու չի կանգնեցվել պատերազմը

Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետք է դասեր քաղել 90-ականների սխալներից և կարճ ժամկետներում լուծել տեղահանվածների խնդիրները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի -Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար պատերազմի հետևանքները պարզ են եղել արդեն հոկտեմբերի սկզբին, բայց հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել: Այս մասին նա ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարության աշխատանքային կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք ընդդիմադիր, իշխանամետ ուժերի, իշխանության միջև, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրերին համարում էին դավաճանություն»,- ընդգծել է ԱՀ նախագահը:

Հարությունյանը խոսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, դրա հետևանքների ու ստեղծված իրավիճակի մասին:

Նա նշել է, որ պետք է դասեր քաղել 90-ականների սխալներից և կարճ ժամկետներում լուծել տեղահանվածների խնդիրները:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Պատերազմում տուժած զինծառայողների ընտանիքները հոգեբանական աջակցություն կստանան

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են