ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 65 անդամից կազմված երկկուսակցական խումբը միացել է հայկական հարցերով հանձնաժողովին` կոչ անելով ավելի քան 100 մլն դոլար ֆինանսական օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին անցյալ տարվա թուրք-ադրբեջանական ավերիչ հարձակումներից հետո: Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Ամերիկացի կոնգրեսականները նամակ են ուղարկել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Բարբարա Լիին և ավագ անդամ Հել Ռոջերսին, քանի որ սկսվում է 2022 ֆինանսական տարվա արտաքին հատկացումների նախագծի մշակումը:
«Հայաստանի և Արցախի համար 2022 ֆինանսական տարում հատկացվելիք օգնությունը խիստ կարևոր է ժողովրդի համար առավել անվտանգ ապագա ապահովելու, ժողովրդավարությունն առաջ տանելու, կայուն տնտեսական զարգացում ապահովելու և «Քովիդ-19»-ի դեմ պայքարելու հարցերում երկրին աջակցելու համար»,– նամակում նշել են կոնգրեսականներ Ֆրենք Փալոունը, Ջեքի Սփիերը և Ադամ Շիֆը։
Նամակում կոնգրեսականները հորդորել են նաև 2 մլն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում զենքի ոչնչացման ծրագրին:
Բացի այդ, կոչ է արվում կասեցնել անվտանգության ոլորտում ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանին, քանի դեռ երկիրը չի վստահեցրել, որ դադարեցնում է հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ: