Թուրքիայի ընդդիմությունը քննադատել է Էրդողանին Բայդենի հայտարարության համար

Ընդդիմադիր կուսակցության առաջնորդը Թուրքիայի ղեկավարությանը մեղադրել է արտաքին քաղաքականության ռազմավարության բացակայության մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավուր պատշաճի չի արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Էրդողանը խորապես վշտացած է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ

Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խորապես վշտացած է այդ փաստով, բայց միաժամանակ կարծիք է հայտնել, որ հունիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բայդենի հետ իր հանդիպումը նոր էջ կբացի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում:

«Սա այն կետն է, որին Թուրքիային հասցրել է ոչ կոմպետենտ վարչակազմը։ Բայդենի հայտարարությունից հետո Էրդողանը լռում էր երեք օր։ Մարդիկ սպասում էին, որ Էրդողանը կպայթեցնի աշխարհն իր պատասխանով, առյուծի պես կմռնչա, և նրան բոլորը կլսեն։ Բայց մոռացեք առյուծի մասին, նա խոսեց կատվի նման։ Ցավալի է, բայց փաստ է», - ասել է Քըլըչդարօղլուն։

Քաղաքական գործիչը նշել է, որ ԱՄՆ ոչ մի նախագահ մինչ Բայդենը 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» չի անվանել։ Թեև իրականում 1981-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանը նույնպես հայկական ջարդերն անվանել է «Ցեղասպանություն»։

«Բայդենն անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում իր ներքին քաղաքականության շրջանակում։ Իմաստ չունի բարկանալ Բայդենի վրա, ավելի լավ է նայեք ինքներդ ձեզ», - հայտարարել է ընդդիմադիրը՝ երկրի ղեկավարությանը մեղադրելով հստակ արտաքին քաղաքականության բացակայության մեջ։

Փորձագետը՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս չի գա

Ավելի վաղ Թուրքիայի ազգային շարժում ազգայնական կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին կոչ էր արել երկրի իշխանություններին մարտական հերթապահության դնել Ռուսաստանից գնված Ս-400 համալիրները՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման: Ազգային շարժման կուսակցությունը Թուրքիայի խորհրդարանում ներկայացված է 49 պատգամավորով, այն դաշինք է կազմում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ։