Ռուսաստանը և Հայաստանը կհամագործակցեն տիեզերական տեխնոլոգիաների մշակման հարցում

«Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը այս ամառ կայցելի Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը և Հայաստանը կհամագործակցեն տիեզերական տեխնոլոգիաների նախագծման և մշակման շրջանակներում։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի միջև հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը տրամադրել է ԱԽ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է պարոն Ռոգոզինին Տիեզերագնացության  միջազգային օրվա առթիվ, որի 60-ամյակն էր բոլորովին վերջերս՝ ապրիլի 12-ին:

Իմ Գագարինը, հայերն ու տիեզերքը

«Ռուսաստանն առաջատար դիրքեր է գրավում տիեզերագնացության ոլորտի մի շարք ուղղություններում, և այս առումով կարևոր է հայ-ռուսական համագործակցությունը։ Հայաստանում տիեզերական գործունեության ոլորտի զարգացման համատեքստում առաջնային կարևորություն են տալիս Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցությանը», - ասել է Գրիգորյանը հանդիպմանը։

Խոսելով Հայաստանում տիեզերական գործունեության զարգացման հեռանկարների և այս ոլորտում հայ-ռուսական համագործակցության մասին` ԱԽ քարտուղար Գրիգորյանը կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանում ընդունվել է   «Տիեզերական գործունեության մասին» օրենք, որի արդյունքում ընկերությունները, որոնք Հայաստանում կզբաղվեն տիեզերական գործունեությամբ, կստանան մի շարք հարկային արտոնություններ:

Դմիտրի Ռոգոզինն իր կողմից բարձր է գնահատել հայ-ռուսական համագործակցությունը տիեզերական մոնիթորինգի ուղղությամբ կատարվող աշխատանքների մասով և առաջարկել է ընդլայնել Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխգործակցությունը տիեզերական տեխնոլոգիաների նախագծման և մշակման շրջանակներում:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծելու աշխատանքային խումբ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև տիեզերական գործունեության ոլորտում ուղղությունները հստակեցնելու և անելիքները որոշակիացնելու նպատակով:

Հանդիպման ավարտին Դմիտրի Ռոգոզինը հրավիրել է հայկական կողմին սույն տարվա հունիսի 14-18 Սանկտ Պետերբուրգում կայանալիք Տիեզերական տարածության հետազոտում (GLEX-2021) խորագիրը կրող միջազգային համաժողովին: Պարոն Ռոգոզինը ընդգծել է, որ նման հարթակներում Հայաստանի ներկայացվածությունը հնարավորություն կտա ձեռք բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ այս ոլորտում:

Տիեզերքը վերադառնում է կառավարության օրակարգ. կանոնակարգվում է տիեզերական գործունեությունը

Կողմերը պայմանավորվել են ամառվա ընթացքում Դմիտրի Ռոգոզինի Հայաստան այցի ընթացքում ամփոփել աշխատանքային խմբի գործունեության արդյունքները: