ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի -Sputnik. Պետական մարմինների 2020թ.–ի 9 ամիսների աշխատանքում Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 1 մլրդ 18 մլն դրամի խեղաթյուրում։
Տեղեկությունն այսօր ԱԺ–ի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Առուստամյանը` հավելելով, որ հաշվեքննությունները կատարվել են պետական 16 մարմիններում։
«Արձանագրվել են խեղաթյուրումներ` թվով 15 դեպք, 1 մլրդ 18 մլն դրամի շրջանակներում։ Արձանագրվել են նաև թվով 61 անհամապատասխանություններ։ Դրանք, եթե տարանջատենք, ըստ ռիսկայնության մակարդակների, 16 դեպքով համարվել են բարձր ռիսկային, 22 դեպքով` միջին և 23 դեպքով` ցածր ռիսկային»,– ասաց Առուստամյանը։
Այդուհանդերձ, ՀՊ անդամի խոսքով, այս ցուցանիշներն ավելի դրական են, քան նախորդ ժամանակահատվածի հաշվեքննության արդյունքները։
Նշենք, որ այս պահին ավարտված են միայն 2020թ.–ի առաջին ինն ամիսների հաշվեքննության արդյունքները, քանի որ 2020թ–ին կորոնավիրուսի համավարակի ու Արցախյան պատերազմի հետևանքով ՀՊ աշխատանքների ժամկետներն ուշացել են։
Հայաստանում ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը ցածր է, փողերի լվացման ռիսկը` միջինից ցածր
Առուստամյանը վստահեցրեց, որ տարեկան հաշվեքննություններն արդեն մոտենում են ավարտին ու առաջիկայում դրանք ևս կհրապարակվեն։ Իսկ առայժմ ավարտված 9 ամիսների հաշվեքննություններն ուղարկվել են ՀՀ կառավարություն ու խորհրդարան և առաջիկայում կքննարկվեն ԱԺ–ի հանձնաժողովներում ու լիագումար նիստում։